NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հրայր Թովմասյան՝ «Վերջին տարիներին սահմանադրական արդարադատության համակարգի միտումները դրական են»

Տեխնիկական համագործակցության սահմանափակ պատասխանատվությամբ գերմանական ընկերությունն (GTZ) այսօր լրագրողների համար կազմակերպել էր սեմինար «ՀՀ սահմանադրական արդարադատության համակարգը» թեմայով: Բանախոսներն էին իրավախորհրդատուներ Հրայր Թովմասյանը և Գրիգոր Մուրադյանը: Սեմինարի ընթացքում քննարկվեցին սահմանադրական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Գնահատելով սահմանադրական արդարադատության համակարգի աշխատանքի արդյունաետությունն այսօր, GTZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու Հրայր Թովմասյանը նշեց, որ նախկինում ունեցած բացթողումներն այսօր արդեն շտկվում են՝ նպաստելով համակարգի լիարժեք կայացմանը:
«Դեռևս 1995 թվականի սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական վերահսկողության համակարգը լուրջ թերություններ ուներ, որը հնարավորություն չէր տալիս ՍԴ-ին պետական մարմինների համակարգում լիարժեքորեն իրականացանել իր դերը՝ ապահովել Սահմանադրության ուղղակի գործունեությունը, սահմանադրության գերակայությունը:
2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում սահմանադրական արդարադատությանը վերաբերող նորմերը հնարավոր եղավ զերծ պահել թերություններից և ունենալ աշխատող համակարգ: Վերջին տարիներին մեծացել է նաև ՍԴ դերը պայմանավորված դիմող սուբյեկտների թվակազմով և իր գործերի բովանդակային և քանակական շրջանաներով: Այս առումով միտումը դրական է»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Սահմանադրական արդարադատության համակարգի աշխատանքի արդյունավետությունը GTZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու Գրիգոր Մուրադյան գնահատեց դատական իշխանության արդյունավետության համատեքստում:
«Այդ տեսանկյունից իհարկե սահմանադրական արդարադատությունը շահեկան դիրք ունի: Այն համակարգային թերությունները , որոնք առկա են, ըստ էության պայմանավորված են ՍԴ-ի որոշումների կատարման փաստական խնդիրներով, ոչ այնքան իրավական խնդիրներով, որովհետքև օրենսդրական և սահմանադրական հարթություններում այդ խնդիրները գրեթե լուծված են:
Եթե համեմատենք այլ երկների հետ, միգուցե մենք այդքան էլ շահեկան վիճակում չենք, բայց պետք է հաշվի առնենք նաև առանցքային տարբերությունները, որոնք կապված իրավական մշակույթի հետ»,- նշեց Գրիգոր Մուրադյանը:
Տեխնիկական համագործակցության սահմանափակ պատասխանատվությամբ գերմանական ընկերությունը (GTZ) Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության հանձնարարությամբ դատաիրավական բարեփոխումներին նպաստող ծրագրեր է իրականացնում Հարավային կովկասի երկրներում:
