NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արմեն Արզումանյան. Վանդալիզմի դեպքն ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի և շահերի դեմ
«Ինչպե՞ս կարող է որևէ հայ վերաբերվել հայ և հրեա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պղծմանը: Հայաստանում երբևէ չի եղել և չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը», - մեկնաբանելով Օղակաձև զբոսայգում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքը' հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
«Անկախ նրանից' դա հոգեկան խանգարման արդյունք է, թե հանցավոր միտում, այն առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի և շահերի դեմ»,- հավելել է մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երևանի Օղակաձև զբոսայգում անհայտ անձինք պղծել էին հայ և հրեա ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Օղակաձև զբոսայգու 1-ին մասում գտնվող Հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի վրա կարմիր ներկով գրառումներ են արվել, որոնք մաքրվել են:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հիշյալ գրառումները կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
