NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երևանում մեկնարկում է «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որը կուղեկցվի բողոքի ակցիայով
Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքները, դրանց կիրառումը և ազդեցությունը Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ժամանակակից հասարակական-քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առանցքում: Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու այս ասպարեզներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, վեր են հանվելու դրանց պատճառները, քննարկվելու են խնդիրների լուծման հնարավոր ուղիները:
Ֆորումի աշխատանքներն ընթանալու են Կառավարության ընդունելությունների տանը, որի դիմաց, ինչպես ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն էր հայտարարել, տեղի է ունենալու բողոքի մեծ ակցիա' «պահանջելով ազատ արձակել հայաստանյան քաղբանտարկյալներին»:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, հիմնվելով նախորդ հինգ տարիների փորձի վրա' երևանյան ֆորումի նպատակներից է լինելու քննել արդյունավետ ժողովրդավարական կառավարման մեխանիզմները' հաշվի առնելով ժողովրդավարության զարգացման հնարավոր հեռանկարները մինչև 2020 թվականը և ԵԽ-ում իրականացվող բարեփոխումները:
Ֆորումի նիստերն անցկացվել են Վարշավայում, Մոսկվայում, Ստոկհոլմում, Մադրիդում և Կիևում:
«Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Եվրոպայի Խորհրդի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում քննարկումներ անցկացնել և տեսակետներ փոխանակել հիմնարար ազատությունների և իրավունքների, քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության հետ կապված հարցերի վերաբերյալ:
Ֆորումը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այն գումարվում է 2005 թվականից և համարվում ԵԽ, այսպես կոչված, քառյակի' Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային համաժողովի համատեղ միջոցառումը:
