NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչ՞ով է զբաղված «Զինվոր» հասարակական խորհուրդը

«Ոչինչ չունենք բանակից թանկ» կարգախոսով հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Լրագրողներին ներկայացվեց նրա հեղինակած «Հիշի՛ր, քեզ սպասում են» և «Զինվոր» գրքույկները, որոնք պետք է բաժանվեն ԶՈՒ բոլոր զորամասերին։
Մ.Խաչատրյանը ներկայացրեց իրենց խորհրդի գործունեությունը։ Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ խորհուրդը բաղկացած է 70 իրավապաշտպան կազմակերպություներին, որոնց ներկայացուցիչները շրջում են ՀՀ բոլոր զորամասերով, ծանոթանում բանակի և զինվորների խնդիրներին՝ դրանք ներկայացնելով պատկան մարմիններին։
«Իսկ եթե զինվորը չի խոսում, չի կիսվում իմ հետ, չի ասում՝ իրականում ինչ է եղել, ի՞նչ կարող եմ անել»,- ասում է նա։ Ըստ Մ. Խաչատրյանի՝ եթե զինվորը վստահի սպային ու հրամանատարին, նրանց հետ կիսվի իր խնդիրներով և ներկայացնի իրականությունը (որովհետև, նրա կարծիքով, հնարավոր է, որ վերադասները տեղյակ չլինեն, թե ինչ է կատարվում զորամասի ներսում), դժբախտ դեպքեր չեն լինի։ «Ես այն ծնողներից մեկն եմ, որ բանակում տիրող բիրտ բարքերի պատճառով իմ երեխային հետ չեմ ստացել»,- ասում է սպանված զինվորի մայրը։ Սակայն խոսելով բանակի «բիրտ բարքերից», նա անդրադարձավ միայն ժամկետային զինծառայողների փոխհարաբերություններին։ Իսկ հրամանատարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, զինվորների հանդեպ խոշտանգումների և սպանությունների դեպքերը հերքեց՝ ասելով, որ լրագրողները, ի տարբերություն իրեն, լավ ծանոթ չեն քրեական գործերին։ Դրանք դժբախտ դեպքեր են։
Նա հայտարարեց, որ եթե բանակում գրանցված մահվան դեպքերի թիվը համեմատենք մինչև 2000թ. եղած թվի հետ, անհամեմատ ավելի քիչ են սպանությունները, մեծ է դժբախտ դեպքերի թիվը։ «Եկե՛ք մեր թշնամու ջրաղացին ջուր չլցնենք, մեր թշնամուն չուրախացնենք»,- կոչ արեց Մարգարիտա Խաչատրյանը
Ասուլիսի ավարտին «Արմենպրեսի» միջանցքում իրարանցում սկսվեց։ «Հույս հայության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջուլիետա Գյուլնաշյանը, ով ընդգրկված է «Զինվոր» ՀԿ-ների համակարգող խորհրդում, բորբոքված խոսում էր, Մ.Խաչատրյանին մեղադրում ստախոսության մեջ։
Նրա խոսքերով՝ Մ.Խաչատրյանը համագործակցում է պետական մարմինների և զորամասերի հրամանատարների հետ, այնտեղ կատարվող ամեն ինչ կոծկում է և մյուս կազմակերպություններին էլ թույլ չի տալիս իրականացնել իրենց իրավապաշտպան առաքելությունը։
«Թույլ չի տալիս աշխատել, մի բան ենք ուզում ասել, ասում ա՝ «սո՛ւս սո՛ւս»,
Խորհրդում 70 կազմակերպություն չի, բոլորը սուտ ա, 7 հոգի ենք եղել աշխատող, յոթս էլ դուրս եկանք, համակարգող խորհուրդ չկա, բոլորը դուրս են եկել իրա պատճառով, որովհետև բոլորի հետևից բամբասում ա։ Եթե 70 հոգի կա, գլուխս կտրեմ։ Ասում ա՝ եկե՛ք մեր խորհրդի անդամ դառե՛ք։ Գալիս են, «պեչատ» են դնում, երկու անգամ գնում-գալիս են, հետո տեսնում են օգուտ չկա, թողում դուրս են գալիս»,- բորբոքված գոռում էր տիկին Գյուլնաշյանը։ Հետո ասուլիսի սրահից դուրս եկավ Մարգարիտա Խաչատրյանը, և կռիվն ավելի թեժացավ։ Միմյանց հասցեին հնչող մեղադրանքները և վիրավորանքները ընդհատվում էին լրագրողներին ուղղված կոչերով՝ «չհավատա՛ք սրա ասածներին»։
Հ.Գ. Ականատես լինելով մամուլի այս ասուլիսին և դրան հաջորդած տհաճ միջադեպին՝ արդեն ոչ թե որպես լրագրող, այլ որպես Հայաստանի քաղաքացի մտահոգված եմ մի պարզ հարցով՝ արդյո՞ք իրավապաշտպանական նման գործունեությամբ հնարավոր է վեր հանել մեր հասարակությունում և, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող իրավախախտումները և հետամուտ լինել խախտված իրավունքների վերականգնմանը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
