Սեռային հավասարության ցուցանիշով Հայաստանը 84-րդ տեղում է

Համաշխարհային տնտեսական ֆորումի վերլուծաբանները հրապարակել են 134 երկրում սեռային հավասարության վարկանշային ցուցակը: Փորձագետները համեմատել են կանանց և տղամարդկանց հնարավորությունները չորս հիմնական ցուցանիշներով' մասնակցություն տնտեսական, քաղաքական կյանքում, կրթություն, առողջական վիճակ: 

Վարկանշային ցուցակը հրապարակվում է 2005 թվականից: Երկրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է Իսլանդիան: Նորվեգիան ու Ֆինլանդիան երկրորդ և երրորդ հորիզոնականներում են: Առաջին տասնյակում հայտնվել են Շվեդիան, Նոր Զելանդան, Իռլանդիան, Դանիան, Լեսոտոն, Ֆիլիպիններն ու Շվեյցարիան: 

Ռուսաստանը իր ցուցանիշը գերազանցել է միանգամից 6 աստիճանով' զբաղեցնելով 45-րդ հորիզոնականը: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից Մոլդովան գտնվում է 34-րդ հորիզոնականում, Ղազախստանը' 41-րդ, Ղրղզստանը' 51-րդ, Ուկրաինան' 63-րդ, Հայաստանը' 84-րդ, Տաջիկստանը' 89-րդ, Ադրբեջանը 100-րդ: Բալթյան երկրները' Լիտվիան, Լատվիան և Էստոնիան' համապատասխանաբար' 18-րդ, 35-րդ, 47-րդ, իսկ Վրաստանը' 88-րդ: 

Ֆրանսիան կորցրել է 28 աստիճան' հայտնվելով 46-րդ հորիզոնանում, քանի որ վերջին տարիներին երկրի կառավարությունում կանանց թիվը նվազել է: ԱՄՆ-ն 19-րդ տեղում է:

Ընդհանուր առմամբ, զեկույցում արձանագրվել է սեռային հավասարության առաջընթաց: Ըստ փորձագետների, վարկանշային ցուցակում հայտնված երկրներին հաջողվել է հաղթահարել հատկապես կրթական ոլորտում առկա անհավասարությունը:

http://www.panorama.am