NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զարուհի Փոստանջյանը մարդու իրավունքների, բանակի և Մանվել Սարիբեկյանի մասին
Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի՝ «ուղղակի այսօր մենք 3-4 տարի առաջվա հասարակությունից ավելի տարբեր հասարակություն ունենք, որն արդեն պարզ գիտակցում է եւ բողոքի ձեւով է հանդես գալիս»։
Բանակում վերջերս տեղի ունեցող դեպքերի նկատմամբ վերաբերմունքի մասին HRA.am-ի հարցին Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.
«Բանակում ոչ թե վերջերս են այդպիսի դեպքեր, ուղղակի կարծում եմ՝ հասարակությունն ավելի զգայուն է դարձել, արձագանքը, քննադատությունն ու չընդունումը այս ամենի ավելի ակնհայտ է դարձել»։
Նրա խոսքերով՝ «այս դեպքերը բանակում գոյություն ունեն հիմնադրման օրվանից»։
«Եթե վիճակագրությունն ենք նայում, ապա շատ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ միգուցե նաեւ այս տարիների ընթացքում ավելի նվազել են, քան 2-3 տարի առաջ։ Ես այն կարծիքը չունեմ, որ 2-3 տարի առաջ ավելի լավ էր բանակում, քան հիմա»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։
Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի՝ ««Ժառանգության» գնահատականը խիստ քննադատական է, բանակը նաեւ մեր հասարակության հայելին է, որովհետեւ բանակում մեր երեխաներն են ծառայում, անդամներն են, որոնք այնտեղ սպայական կազմում են ընդգրկված»։
Հոկտեմբերի 7-ին Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի հեղինակած՝ «Հայ գերու մահը Ադրբեջանում» վերտառությամբ գրավոր հռչակագիրը, որի տակ 25 պատվիրակ է ստորագրել։ Հռչակագիրը դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին Մանվել Սարիբեկյանի մահվան համար եւ հորդորում է՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ ամբողջական եւ թափանցիկ հետաքննություն իրականացնել ու արդարադատության առջեւ կանգնեցնել Մանվել Սարիբեկյանի մահվան համար պատասխանատու պաշտոնատար անձանց։
«Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար»,- գրված է «Հայ գերու մահը Ադրբեջանում» գրավոր հռչակագրում։
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
