NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աննախադեպ ցուցանիշ խոսքի ազատության ոլորտում

«Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնելիս լրագրողների հանդեպ բռնության որեւէ դեպք չի գրանցվել։ Սա աննախադեպ ցուցանիշ է այս տարվա առաջին երկու եռամսյակների եւ նախորդ տարիների համեմատ»։
Սրանք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման մասին» զեկույցի տվյալներն են, որոնք հոկտեմբերի 8-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում ներկայացրեցին կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը եւ իրավաբան Օլգա Սաֆարյանը։
Այսպիով, ըստ զեկույցի տվյալների՝ 2010 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է լրագրողների նկատմամբ բռնության 5 դեպք, երկրորդ եռամսյակում ՝ 3, իսկ երրորդում ոչ մի դեպք չի գրանցվել։ Նվազել են տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերը. առաջին եռամսյակում՝ 6 դեպք, երկրորդ եռամսյակում՝ 5, իսկ վերջին երեք ամիսների ընթացքում՝ 3 դեպք։ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների թիվը այս տարվա երեք ամիսներին գրեթե մնացել է անփոփոխ՝ 5 դեպք։
Ա.Մելիքյանն անդրադարձավ նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների ընթացքին։ Նա նշեց, որ օրենքի լրամշակման նպատակով ստեղծված հանձնաժողովը թեեւ համալրվել է քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչներով, սակայն իրենց կազմակերպությունը չի մասնակցելու այդ խմբի աշխատանքներին։
Պատճառները երկուսն են՝ նախ իրենք արդեն ունեն փորձագետներից բաղկացած խումբ, որը վաղուց աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։ Երկրորդ պատճառը, ըստ Մելիքյանի, իրենց մտավախությունն է, որ աշխատանքային խմբի գործունեությունը իմիտացիոն բնույթ է կրելու։ Իսկ այդպես կարծելու հիմք նրան տալիս է այն փաստը, որ ԶԼՄ շահերը ներկայացնող ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների կողմից արված սկզբունքային առաջարկություններից որեւէ մեկը այդպես էլ չընդունվեց օրենքի մշակման փուլում։
Կազմակերպությունը ԶԼՄ-ների մոնիտորինգի ընթացքում նաեւ արձանագրել է, որ մամլո ասուլիսները լուսաբանելիս հեռուստաընկերությունները քաղաքականապես ուղղորդված են։ Ընդդիմության կամ ընդդդիմադիր հայացքներով գործիչների ասուլիսներին հեռուստաընկերությունները ներկա չեն լինում, կամ լինում են առավելագույնը 2-3 հեռուստաընկերություն, մինչդեռ «Հանրապետական կուսակցության ներկայացուցչի ասուլիսին ներկա են լինում բոլոր 10 հեռուսաընկերությունները»։
Նշենք, որ այս ասուլիսին էլ հեռուսաընկերություններից որեւէ լրագրող ներկա չէր։
Աշոտ Մելիքյանը եւ փաստաբան Օլգա Սաֆարյանը նաեւ ներկայացրեցին ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման կոնկրետ դեպքեր։
Փաստորեն, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցներից դատելով, կարելի է եզրակացնել, որ ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտման դեպքերը 2008 թվականի համեմատ գնալով նվազում են։ Սակայն նույն կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չորրորդ իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնությունները եւ ճնշումները շատանում են հատկապես քաղաքական առումով «թեժ» ամիսներին, ինչպիսիք են, օրինակ, ընտրությունները։
Այսպիսով, խոսքի ազատության եւ լրագրողների ու լրատվամիջոցների ազատության մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաեւ ներքաղաքական իրավիճակը այդ պահին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
