Ոտնահարվել են աշխատանքային իրավունքները

2010 թվականի հոկտեմբերի 7-ին «Արմատ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել Ֆրանսիական համալսարանից օգոստոսին աշխատանքից ազատված դասախոսները։ Նրանք ներկայացրին պետական մարմիններին ուղղված իրենց դիմումների պատասխանները։

«Մենք անօրինական ենք համարում 29 դասախոսի աշխատանքից ազատումը, քանի որ մեզ հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով։ Այն հիմքը, որը նշել է համալսարանի ադմինիստրացիան, կոնկրետ տիկին ռեկտորը, հիմք չէր կարող հանդիսանալ անորոշ ժամկետով պայմանագիրը լուծելու համար»,- ասում է Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոս Հերմինե Ահարոնյանը։

Նրա խոսքերով՝ դասախոսները պատասխան են ստացել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարից, ով համարում է, որ պայմանգիրը անորոշ ժամկետով կնքված պայմանագիր է, ինչպես նաեւ ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունից, որին դասախոսների դիմումի հիման վրա դիմել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմը։

«ՀՀ Աշխատանքի պետական տեսչությունը պատասխանում է՝

«Ի պատասխան ՀՀ Աշխատանքի պետական տեսչության եւ ՀՀ նախագահի աշխատակազմին ուղղված Ձեր դիմումների՝ հայտնում եմ, որ գործողության ժամկետները լրանալուց հետո աշխատանքային պայմանագրերը չեն լուծել օրենքով սահմանված կարգով, աշխատանքային հարաբերությունները շարունակվել են, ինչը հանգեցրել է աշխատանքային պայմանգրերը անորոշ ժամկետով կնքված հանդիսանալուն, հետեւաբար եւ պայմանագրերը չէին կարող լուծվել ՀՀ Աշխատանքային օրեսնգրքի 109 հոդվածի 2-րդ կետի պայմանագրի գորոծղության ժամկետը լրանալու հիմքով»,- ասում է Հերմինե Ահարոնյանը ։

Ֆրանսիական համալսարանի Անգլերենի ամբիոնի նախկին վարիչ եւ դասախոս  Գայանե Հակոբյանի խոսքերով՝ «ոորշումը կայացվել է իրավաբանի որակավորում ունեցող ռեկտորի կողմից դիլետանտի մակարդակով»։

«Իրավաբանի որակավորում ունեցող տիկին ռեկտորը նույնիսկ թերացել է թերթել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը նախքան դասախոսներին աշխատանքից ազատելը»,- ասում է նա։

Գայանե Հակոբյանը կարծում է, որ «ռեկտորի «արբանյակներն» են դրդել նրան անհիմն որոշում կայացնել»։

Աշխատանքից ազատված դասախոսները մեկ այլ դիմում են ուղղել ՀՀ Աշխատանքի պետական տեսչությանը՝ արձակուրդայիններ չստանալու հետ կապված ։

«Մեզ արձակուդայիններ վճարվել են ընդամենը 2 տարի, իսկ աշխատանքային գրքույկներում աշխատանքի մասին նշումներ երբեք չեն արվել»,- ասում է Հերմինե Ահարոնյանը։

Աշխատանքից ազատված դասախոսների խոսքերով՝ նրանք չեն ուզում համալսարանի վարկանիշը գցել, ընդամենը հանդես են գալիս իրենց իրավունքների պաշտպանությամբ։

«Եթե խոսենք համալսարանի խախտումների մասին, դրանք,իրոք, շատ են։ Ռեկտորը մի անգամ արձագանքեց, թե դասախոսները ուսանողների նման ուշանում են դասից։ Եթե խոսենք դիսցիպլինայի մասին, ապա տիկին ռեկտորը երեք ու կես ամիս բացակայել է համալսարնից եւ ընդհանրապես տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում համալսարանում։ Իսկ նա մեղադրում է դասախոսներին, որոնք երբեւէ չեն ուշացել»,- ասում է Ֆրանսիական համալսարանի նախկին դասախոս Նարինե Կոխտիեւան։

Նա նաեւ պատմեց, որ Ֆրանսիական համալսարան նույնիսկ անվճար ընդունված ուսանողները ուսման վարձ են վճարել։

«Մեր ադմինստրացիայի հայկական կողմը որոշել էր, որ ուսանողը, եթե ուզում է գրանցաված լինել համալսարանում, պետք է մի կիսամյակի համար 240-270 հազար վճարի՝ անկախ նրանից՝ վճարովի՞ է, թե՞ անվճար, իբրեւ մի քանի ամիս հետո նրանք ուսանողին կվերադարձնեն գումարը։ Հարց է առաջանում՝ դա «безпроцентный кредит» է՞, ո՞րն է հիմքը եւ պատճառը ուսանողներից այդ գումարները վերցնելու», - ասում է Նարինե Կոխտիեւան։

Աշխատանքից ազատված դասախոսները դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ Ֆրանսիական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել։

Դասախոսները դիմել են նաեւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան։ Դատական առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին։

Աննա Բարսեղյան

Աղբյուր` www.hra.am