NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զվարճանք և էկոլոգիա. բնապահպանների արձագանքը դելֆինարիումի կառուցման վերաբերյալ
Հոկտեմբերի 6-ին «Արմատ» մամուլի ակումբը հյուրընկալել էր Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ' «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանին եւ ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանին: Քննարկումների ընթացքում փորձագետները իրենց մտահոգությունը հայտնեցին Երևանում կառուցվող դելֆինարիումի վերաբերյալ: Նշենք, որ խոսքը Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքների և հանրապետությունում առաջին դելֆինարիումը կառուցելու մասին է:
Ըստ բանախոսների, Երևանում նման կառույց ունենալն անթույլատրելի է:
«Մեր կարծիքով, Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ պետք է դելֆինարիում կառուցել: Նախ' մեր ջրային ռեսուրսներն են սակավ, չկան համապատասխան կլիմայական պայմաններ, ի վերջո դելֆինների կերը պետք է ներմուծենք, քանի որ նրանք հիմնականում սնվում են թարմ ծովային մթերքով: Դելֆինարիում Հայաստանում չպետք է կառուցվի»,- նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Իսկ բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով. «Որքանո՞վ է ճիշտ Պանթեոնի հարևանությամբ կառուցել զվարճանքի կենտրոն: Եվ երկրորդ՝ անհրաժեշտ են լինելու ջրային հսկայածավալ ռեսուրսներ, և կարծում եմ այդ պահանջը բավարարվելու է մեր բնակչության խմելու ջրի հաշվին»,- ասաց բնապահպանը:
Բանախոսները հայտնեցին, որ այս հարցով դիմել են քաղաքապետարան և բնապահպանության նախարարություն, որպեսզի իրենց հետաքրքրող փաստաթղթերի փաթեթը ստանան, սակայն պատասխան դեռևս չեն ստացել:
«Մեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք փաթեթն ամբողջական է: Կա՞ արդյոք շինարարության թույլտվություն, կենդանիների շահագործման և ներմուծման թույլտվություն: Եթե պարզվի, որ այդ փաստաթղթերը չկան, մենք կանցնեք լուրջ քայլերի, գուցե դիմենք դատարան»,- հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Սիլվա Ադամյանն իր խոսքում նաև նշեց, որ Երևանում դելֆինարիումի կառուցման հարցով անհանգստացած են նաև արտերկրում, որտեղից և իրենք նամակ էին ստացել դելֆինարիումի կառուցման մասին: Սակայն այդպես էլ չհաջողվեց պարզել, թե որ կառույցն է իրենց այդ տեղեկությունը տրամադրել, քանի որ ինչպես Սիլվա Ադամյանը նշեց, նա չունի վերջինիս թույլտվությունը կազմակերպության անունը ներկայացնելու համար:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր' www.hra.am
