Հայաստան եվ ԵԽԽՎ մոնիթորինգ հարաբերությունները Ա.Սաքունցի գնահատմամբ

Հոկտեմբերի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսեց Հայաստանի Հանրապետության՝ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքից։

Նրա գնահատմամբ «Հայաստանի Հանրապետությունը՝ հանձինս ՀՀ իշխանությունների, որեւէ պարտավորություն այդպես էլ չի կատարել»։

«Մենք առաջին անգամ չէ, որ շեշտում ենք Հայաստանի կողմից ԵԽ պարտավորությունների կատարման առումով հետընթացի մասին, եւ բայց ոչ այնքան պարտավորությունների, որքան մեր երկրում հետընթացի՝ մարդու իրավունքների, դատարանների անկախության, խոսքի ազատության տեսակետից»,- նշեց Արթուր Սաքունցը։

Նրա խոսքերով՝ իրենք ակնկալում էին, որ «Եվրախորհուրդը շատ ավելի հետեւողական կլինի պարտավորությունների կատարման պահանջին» եւ «համարժեք գնահատական» կտա։ Բայց, ըստ բանախոսի, հասել ենք մի սահմանագծի, որն անցնելու դեպքում «արդեն ավելորդ կլինի խոսել Հայաստանի մասին՝ որպես ԵԽ անդամ երկրի»։

Արթուր Սաքունցը ենթադրում է, որ Եվրախորհուրդը եւ ԵԽԽՎ-ն «որոշակի գործարքի են գնացել Հայաստանի իշխանությունների հետ՝ քարտ-բլանշ տալով ՀՀ իշխանություններին. «ՀՀ-ից պահանջում էին որոշակի զիջումներ արտաքին քաղաքականության բնագավառում եւ ասում էին՝ լա́վ, էդ զիջումները դու տուր, մենք աչքներս կփակենք քո երկրի ներքին իրադարձությունների վրա։ Համարյա էս ձեւի վիճակ»։ Իսկ զիջումները, նրա խոսքերով, վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններն եւ Ղարաբաղյան հիմնախնդրին։

Ըստ Սաքունցի՝ դա է պատճառը, որ ԵԽԽՎ 1609, 1620, 1640 եւ հետագայում ընդունված բանաձեւերի պահանջները ոչ միայն չեն կատարվել, այլեւ գնալով մեղմացել են։ «Այստեղ տիպիկ քաղաքական առեւտուր է՝ ի հաշիվ մեր արժանապատվության, ի հաշիվ մեր քաղաքացիների»,- ասում է նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը Հայաստանի արդիական խնդիրներից է համարում ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ԵԽ մարդու իրավունքների եւ հիմնարար ազաատությունների մասին կոնվենցիայի չափորոշիչներին, մարտի 1-ի սպանությունների բացահայտման եւ մեղավորների պատժման հարցը։

«Հաջորդ կարեւոր խնդիրը դա զենքի կիրառումն է խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- նշում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ նախագահ Մեւվլութ Չավուշօղլուին եւ «կարծում են որ դա պետք է դառնա ԵԽԽՎ քննարկման առանձին նյութ»։

Այն հարցին, թե մարտի 1-ի գործով քննիչներից մեկի վրաերթը հնարավո՞ր է ունենա քաղաքական ենթատեքստ, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հայաստանում ,ցավոք սրտի, ամեն ինչ ունի քաղաքական ենթատեքստ։ Այդ թվում հոկտեմբերի 27-ի գոքրծով ցմահ դատապարտվածների մահերը։ Ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում պատահական չի լինում»։

Մերի Ալեքսանյան

Աղբյուր` www.hra.am