NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրթական տոնավաճառը որպես կրթության հնարավորությունների իրազեկման միջոց
Արդեն 9 տարի է, ինչ Եվրամիության եւ Եվրոխորհրդի անդամ երկրները սեպտեմբերի 26-ը տոնում են որպես Լեզուների եվրոպական օր։ Այդ տոնի առիթով Բրիտանական խորհուրդը, Երեւանում DAAD-ի տեղեկատվական կենտրոնը եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամը հոկտեմբերի 5-ին կազմակերպել էին կրթական-տեղեկատվական տոնավաճառ։ «Ֆրանսիական համալսարանում դասավանդվում են տարբեր լեզուներ եւ պատահական չէ, որ հենց այստեղ է կազմակերպվել այս միջոցառումը»,- ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մողզելեկը՝ ավելացնելով, որ միջոցառման կազմակերպիչները կարեւորում են միջմշակութային երկխոսության զարգացումը, որը հնարավոր է միայն լեզուների իմացության շնորհիվ։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր խոսքում նշեց, որ լեզուների իմացությունն այսօր ոչ թե առավելություն է, այլ՝ անհրաժեշտություն, առանց որի հնարավոր չէ հասնել կարիերայի բարձունքների։
Պատվավոր հյուրերի ողջույնի խոսքերից հետո մեկնարկեց կրթական տոնավաճառը։ Յոթ միջազգային կազմակերպություններ տեղեկատվական թերթիկների եւ գրքույկների միջոցով ներկայացնում էին իրենց կրթական ծրագրերն ու հնարավորությունները։ Տոնավաճառին ներկա էին հիմնականում ուսանողներ, որոնց առավելապես հետաքրքրում էին անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն լեզուները։
«Այսօրվա տոնավաճառը նվիրված է լեզուների եվրոպական օրվան եւ հիմնական նպատակն է կարեւորել լեզուների բազմազանության անհրաժեշտությունը եւ առավելությունը».- ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։ Նրա կարծիքով՝
կրթական շատ հնարավորություններ կան Հայաստանում, եւ պետական ու մասնավոր բուհերի բազմազանությունը ազատ ընտրության հնարավորություն է ստեղծում երիտասարդների համար։ «Եթե ուզում ես սովորել, կարող ես սովորել, իհարկե, եթե վճարունակ ես»,- ասում է Արեւիկ Սարիբեկյանը՝ հույս հայտնելով, որ իրենց կազմակերպած կրթական տոնավաճառը կդառնա ամենամյա, եւ հայ ուսանողները կտեղեկանան Հայաստանում ու արտերկրում սովորելու հնարավորությունների մասին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուր̀̀̀̀̀̀` www.hra.am
