NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵՊՀ ուսանողները հետամուտ են մշակութային ժառանգության պահպանման իրենց իրավունքին
2010թ. հոկտեմբերի 4-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց Երեւանի պետական համալսարանի շուրջ 2000 ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության։ «Ադրբեջանը ջանքեր չի խնայում վերացնելու իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, որպեսզի վերացնի հայկական ցանկացած հետք»,- ասում է ակցիայի կազմակերպիչներից մեկը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ բողոքի ակցիայի առիթն այն է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունների պահանջով Լեռնային Ղարաբաղ է մեկնելու ԵԱՀԿ փաստահավաք խումբը, որը պետք է ուսումնասիրի «ադրբեջանական հետքերը»։ «Մենք ուզում ենք ասել, որ Ղարաբաղը հայկական հող է, հայերինն է։ Եվ պահանջում ենք, որ ԵԱՀԿ փաստահավաք խումբը մեկնի նաեւ Նախիջեւան, Նոր Ջուղա, որտեղ ամեն օր հայկական խաչքարեր են ոչնչացվում, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, եւ ուսումնասիրի հայկական մշակութային ժառանգության վիճակը»,- ասում է Ցոլակ Հակոբյանը։
Ուսանողները նամակ-հայտարարություն են հղել ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին, որում իրենց մտահոգությունն են հայտնում Նախիջեւանում եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների վիճակի վերաբերյալ։
«Իսկ ի՞նչ արձագանք են գտնում նմանատիպ ակցիաները» հարցին Ց.Հակոբյանը պատասխանում է. «Սեպտեմբերին մենք ԵԱՀԿ-ին եւս մեկ նամակ էինք ուղղել՝ կապված Ադրբեջանի կողմից իրականցվող դիվերսիոն գործողությունների ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետ, ու մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել։ Այս անգամ մենք պահանջելու ենք, որ հստակ պատասխան տրվի մեր նամակին, բողոքի ակցիաները կրկնվելու են այնքան ժամանակ, մինչեւ ԵԱՀԿ-ն դրական չարձագանքի»։
Մերի Ալեքսանյան
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը ամբողջությամբ:
ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Կանատ Սաուդաբաևին
Պատճենը' ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար պարոն Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին
Երևանի պետական համալսարանի ուսանողները իրենց խիստ անհանգստությունն են հայտնում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում և Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ադրբեջանի շովինիստ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց երկրին բռնակցած հայկական տարածքներում վերացնելու հայկականության ամեն մի հետք: Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհին չի հետաքրքրում հայկական մշակութային ժառանգությունը, որը ոչնչացվում է ադրբեջանցի վանդալների կողմից:
Այս օրերին ԵԱՀԿ-ն, տուրք տալով ադրբեջանական հորդորներին, փաստահավաք խումբ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն' ուսումնասիրելու «ադրբեջանցիների հետքերը»: Արդյո՞ք Ձեզ չի հետաքրքրում Ջուղայի հայկական խաչքարերի և Շահումյանի շրջանի հարյուրավոր հայկական պատմամշակութային և կրոնական հուշակոթաղների ճակատագիրը:
Երևանի պետական համալսարանի ուսանողների անունից պահանջում ենք ԵԱՀԿ-ից փաստահավաք առաքելություն ուղարկել նաև Նախիջևան և Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջան' ուսումնասիրելու «հայերի հետքերը»:
Աղբյուրը` www.hra.am
