NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԽՈՒՍԱՓԵՑ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Խալաֆյանի գործով դատաքննությունն այսօր տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև օգոստոսի 18-ը: Դատարանն այսօր պետք է լսեր Չարենցավանի այժմ արդեն նախկին ոստիկանապետ, գործով վկա Նորայր Հեբոյանին, ով արդեն երկրորդ նիստն է չի ներկայանում: Դատավոր Մակեյանը հրապարակեց վկայի կողմից դատարանին ուղղված գրությունը, որով նա հայտնում է, որ հուլիսի 22-ից անորոշ ժամանակով ու բուժման նպատակով բացակայելու է հանրապետությունից: Գրությամբ Հեբոյանը նաև տեղյակ էր պահել դատարանին, որ պնդում է իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Մեղադրող կողմն այս գրության կապակցությամբ միջնորդեց դատարանին' սահմանված կարգի համաձայն հրապարակել Հեբոյանի նախաքննական ցուցմունքները: Սակայն Խալաֆյանների ներկայացուցիչ Արտակ Զեյանալյանը վկայի դատարան չներկայանալու հանգամանքը խուսափողական որակեց:
"Արդեն երկրորդ նիստն է վկան չի ներկայանում: Իմ գնահատմամբ, նա խուսափում է դատարան ներկայանալ: Նրա վարքագծում ես մեղավորության էլեմենտներ եմ տեսնում", հայտարարեց Զեյնալյանը' պարտադիր համարելով նախկին ոստիկանապետի հարցաքննությունը ճշմարտության բացահայտման առումով:
Զեյնալյանի հետ համակարծիք էր նաև Խալաֆյանների փաստաբան Գուրգեն Մարգարյանը, ով դատարանին հորդորեց պարզել նրա գտնվելու վայրը և միջոցներ ձեռնարկել Հեբոյանին դատարան բերելու և նրա ցուցմունքը լսելու, ինչպես նաև նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունենալ:
Դատարանն իր հնարավորության սահմաններում կարող է ճշտել, որտեղ և ինչ բուժում է ստանում Հեբոյանը>, ասաց փաստաբանը:
Մեղադրվող կողմի' Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը համակարծիք էր տուժող կողմի ներկայացրած փաստարկներին վկա Հեբոյանին դատարանում պարտադիր լսելու և հարցաքննելու առումով: Նա նաև կարծիք հայտնեց, թե վկայի դատարանին ուղղված գրությունն արժանահավատ չի համարում:
"Ապրիլի 13-ի օպերատիվ միջոցառումը կազմակերպվել է ոստիկանապետի, օպերատիվ մասով պետի տեղակալի, ինչպես նաև իմ պաշտպանյալի մասնակցությամբ: Ինչպես դատական նիստերից մեկում Տոնոյանն ընդունեց, որ միջոցառումն իրենք են կազմակերպել, այնպես էլ Հեբոյանը պետք է ընդունի իր մասնակցությունը: Ոստիկանության բաժնում տեղի ունեցող ցանկացած օրինախախտում պետք է իրենց հսկողության տակ գտնվեր և պետք է հենց նրանք բացատրություն տան դատարանում", ասում է փաստաբանը:
Դատական նիստի ընթացքում մթնոլորտը լարված էր, սակայն նիստն ավարտվելուց հետո լարվածությունը վերածվեց ձեռնամարտի: Չնայած դահլիճի ներսում գտնվող կարգադրիչների թիվը հասնում է մոտ երկու տասնյակի, տպավորություն է, որ նրանք չեն կարողանում վերահսկել իրավիճակը և գոնե կանխել կողմերի միջև բախումը: Կողմերի միջև լարվածությունը միայն դահլիճի ներսում շարունակվեց մոտ 10 րոպե, սակայն սրանով չավարտվեց: Վեճն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվեցին արդեն դահլիճից դուրս, արդեն մի քանի տասնյակ ոստիկանների ներկայությամբ:
Նշենք, որ այս դատավարության հանդեպ հետաքրքրությունը մեծանում է: Նշենք, որ դատական այս նիստին ներկա էին ավելի շատ լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ Կենտրոն հեռուստատեսությունը' միակ հեռուստատեսությունն առայժմ, ինչպես նաեւ Երեւանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Lragir.am
