Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցմանը նվիրված աշխատանքային հանդիպում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորների պահման պայմանները չեն համապատասխանում օրենքի պահանջներին, եւ կալանավորները քնում են հերթով: Բանտախցերը գերբնակեցված են: Այս մասին հայտարարվեց «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցում' պատճառներ եւ բարելավման ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ:

11 հոգիանոց խումբը դիտորդական առաքելություն է իրականացրել կալանավայրերում: Խմբի ղեկավար' Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանի խոսքերով' 8 հոգու համար նախատեսված խցում պահվում են երկու անգամ ավելի' նույնիսկ 20 կալանավորներ:

Արման Դանիելյանի խոսքերով' նույն իրավիճակն է նաեւ Արթիկում, Սեւանում, Վարդաշենում, Էրեբունիում եւ այլուր:
Կալանավայրերում դատապարտյալների աճը մեկ տարում կազմել է 850 մարդ:

« «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ամենամեծն է եւ տեղավորում է 840 մարդ: Եթե իրավիճակն այսպես մնա, ամեն տարի մի «Նուբարաշեն» պիտի կառուցենք»,- ասաց Արման Դանիելյանը:

Դիտորդական խմբի անդամները նշեցին նաեւ, որ խցերում չկա արհեստական օդափոխության համակարգ, եւ մարդիկ ընդհանրապես զրկված են տարրական կենցաղային պայմաններից, ինչը կառավարության համապատասխան որոշման պահանջն է:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ահազանգեց դատապարտյալների լողանալու խնդրի մասին' նշելով, որ օրենքը պահանջում է շաբաթը գոնե մեկ անգամ լողանալ, ինչը շատ հաճախ չի իրականացվում:

Հայաստանում կա մոտ 5000 կալանավոր:

A1+