Նախկին ուսուցիչը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակած դատավճռով՝ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով։

Մինչև դատավճռի հրապարակումը դատավորը մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց Ավագյանի անառակաբարո գործողությունների մասին։ Դատարանն ապացուցված համարեց այն, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատելու ընթացքում Ավագյանը 2006-2008թթ. 16 տարին չլրացած աշակերտուհիների նկատմամբ բռնի անառակաբարո գործողություններ է կատարել։

Դատավճռի հրապարակման պահին դահլիճում էին իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները, որոնք բացականչում էին. «Քիչ է, քեզ քիչ է անասուն։ Բա տնօրե՞նը»։ Լսելով վճիռը և իրեն ուղղված մեղադրանքները՝ մանկապիղծ ուսուցիչը հուզմունքի նշաններ ցույց տվեց։

Նախքան դատական նիիստի մեկնարկը իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները դատարանի բակում բողոքի ակցիայի էին կազմակերպել՝ «Մենք պահանջում ենք արդար դատավարություն», «Վերջ մանկապղծությանը», «Ցմահ բանտարկություն», «Առավելագույն պատիժ», «Կանաչ լո՞ւյս մանկապղծության համար» բովանդակությամբ պաստառները պարզած։

ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում որպես կամավոր աշխատած Մարիամ Սուխուդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ավագյանը շուրջ 20 տարի նույն դպրոցի աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել։ «Երեխաներն էին մեզ պատմում այդ մասին, այնինչ դպրոցի տնօրենն ասում էր, թե դա երեխաների վառ երևակայության արդյունքն է, սերիալ է»,- նշեց Սուխուդյանը։

Ըստ նրա՝ նշված դպրոցի անձնակազմը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկում երեխաներին, հարկադիր աշխատեցնում։ Բացի այդ, դպրոցի տնօրենը, ըստ Սուխուդյանի, անօրինականություններով է զբաղվում. «Նորմալ երեխաների փաստաթղթերը կեղծում է, նրանց մտավոր թերզարգացած ներկայացնում և պետությունից մեծ գումարներ կորզում»։

Tert.am