NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փորձաքննության հրապարակումը նոր հարցեր է առաջ բերել
Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը հրապարակել է ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվելուց հետո մահացու վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 24 ամյա Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ինչը և պետք է փարատեր թե հարազատների և թե հանրության կասկածները նախաքննության մարմնի առաջ քաշած ինքնասպանության վարկածի վերաբերյալ:
Սակայն փորձաքննության հրապարակումը ոչ միայն չի փարատել հարազատների կասկածները, այլև նոր հարցեր է առաջ բերել:
Փորձաքննության արդյունքներով միանշանակ հաստատվել է երիտասարդին խոշտանգելու հանգամանքը, Վահան Խալաֆյանի դիակի վրա հայտնաբերվել են դանակի հարվածից պատճառված երկու թափանցող վնասվածքներ: Սակայն ՀՔԾ-ի փորձաքննության արդյունքներով ընդամենը հնարավոր է համարվում, որ դանակի հարվածները կարող են Խալաֆյանի կողմից ինքն իրեն պատճառված լինել:
"Մենք էլ ասում ենք հնարավոր չէ,- ընդվզում է գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Հմայակ Խալաֆյանը' Վահանի հորեղբայրը, ով համոզված է, որ իր զարմիկը չէր կարող ինքնասպան լինել, - մենք մեր տղային ճանաչելով վստահ ենք, որ ինքն այդպիսի քայլի չէր գնա: Եթե դանակը վերցրել էր, ուրեմն իրենց կխփեր և ոչ թե ինքն իրեն":
Վահան Խալաֆյանի հարազատների կասկածներն ավելի է խորացնում այն հանգամանքը, թե ինչպես կարող էր այդ աստիճան խոշտանգումների ենթարկված անձը դանակը վերցնել ու ինքն իրեն խփել:
"Եթե դատելու լինենք փորձաքննության արդյունքներով' դանակի ուղղաձիգ հարվածներ որովայնի վերևի մասում, բազմաթիվ արյունազեղումներ, ես ուղղակի զարմանում եմ, այդքան վնասվածքներ ստացած մարդն ինչպես կարող է ինքը տեղից վեր կենալ, դանակը վերցնել ու ինքն իրեն խփել,- հարցնում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, - էդքան խփելուց ու խոշտանգվելուց հետո երևի գետնին ընկած կլիներ: Եթե ինքն այդքան ժամանակ չի կոտրվել, ինքն իր արժանապատվության համար կռիվա տվել այդ ոհմակի, այդ գեբելսյան ապարատի դեմ, այդ նույն հաջողությամբ ինքը իրեն հարվածողին կխփեր, այդ քրեականի պետ կոչեցյալին կխփեր", շարունակ նույն հարցն էր կրկնում Հմայակ Խալաֆյանը:
Այն, որ մահացած երիտասարդը բազմաթիվ վերքեր ու վնասվածքներ է ունեցել, փաստում է հրապարակված դատաբժշկական փորձաքննությունը:
Հմայակ Խալաֆյանը վկայակոչում է նաև մատնադրոշմային փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն, այն դանակը, որի հասցրած հարվածներից մահացել է Խալաֆյանը, եղած մատնահետքերը "նույնականացման ենթակա չեն":
Սա նույնպես Վահանի հարազատներին խիստ կասկածելի է թվում:
"Եթե ինքն իրեն խփել է, դա համարվում է ոստիկանության համար երկաթե ալիբի՝ եթե իրենք կարողանային ապացուցել, որ իր մատնահետքերն են: Բայց չկա մատնահետք", ասում է Հմայակ Խալաֆյանը:
Վերջինս դեռևս խուսափում է նախաքննական մարմնի աշխատանքին վերջնական գնահատականներ տալ' ասելով, թե ժամանակը ցույց կտա:
"Մենք դեռ կսպասենք, նախաքննությունից հետո կերևա արդյունքը: Մենք հետամուտ ենք լիենելու գործի օբյեկտիվ ընթացքին, նաև բարձր գնահատելով լրատվամիջոցների աջակցությունը' մշտապես ապահովելու ենք գործի հրապարակայնությունը: Սա մի դեպք է, որ այսօր մեր ընտանիքի հետ է պատահել, վաղը կարող է պատահել մեկ ուրիշի հետ: Պետք է համախմբել բոլորի ջանքերը, որ 3 տարի առաջվա Լևոն Գուլյանի կամ նման դեպքերը չկրկնվեն", համոզված է Հմայակ Խալաֆյանը:
Հիշեցնենք, որ ինքնասպանության հասցնելու վարկածը մինչ դատաբժշկական փորձաքննության հրապարակումը պնդում էին ինչպես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այնպես էլ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հմայակ Խալաֆյանից տեղեկացանք նաև, որ շուրջ 10 էջից բաղկացած դատաբժշկական փորձաքննության եզրակացության ընդամենը մի հատվածն է հրապարակել ՀՔԾ-ն: Նախաքննության մարմինը նաև խուսափել է Խալաֆյանի հարազատներին տրամադրել փաստաթուղթը' խոստանալով այն տրամադրել նախաքննության ավարտից հետո միայն:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքները նոր հարցեր են առաջացրել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մոտ:
Փորձաքննության չի ենթարկվել Վահան Խալաֆյանի հագուստը, հայտնի չէ դանակի ծագումնաբանությունը. ինչպես է դանակը հայտնվել այդտեղ կամ դանակի հարվածներից որն է առաջինը և այլն:
Իրավապաշտպանը նշում է նաև ոստիկանների կողմից դեպքի կապակցությամբ բերված բժիշկների փաստը' ընդգծելով, թե պարզ չէ բժիշկների ինքնությունը, հարցաքննվել են թե ոչ, ինչու են սկզբում բժիշկներ բերել, հետո նոր շտապ օգնություն կանչել և այլն:
Արդյոք ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ազատության մեջ մնացած ոստիկանապետի տեղակալ Տոնոյանը, ով բնականաբար, շահագրգիռ անձ է այս գործով, ճնշումներ է գործադրում Խալաֆյանի հարազատների վրա: Մի խոսքով, հարցերը բազմաթիվ են:
Սաքունցի տպավորությամբ, դատաբժշկական փորձաքննության մի հատվածի հրապարակումը միակողմանի տպավորություն է թողնում և չի արտացոլում ընդհանուր պատկերը:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Lragir.am
