NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անդիջանյան ողբերգության օր

Այսօր լրանում է Ուզբեկստանի Անդիջան քաղաքում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների 5-րդ տարին: 2005 թվականի մայիսի 13-ին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի զորքերը գնդակահարեցին հարյուրավոր ցուցարարների, ովքեր դուրս էին եկել փողոց բարձրաձայնելու իրենց սոցիալական խնդիրները։
Պաշտոնական տվյալներով Անդիջանում այդ օրը զոհվել է 187 մարդ: Սակայն Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության փաստացի տվյալներով այդ օրն իշխանությունները գնդակահարել են ավելի քան 700 մարդ։
Անդիջանի ողբերգության 5-րդ տարելիցի նախօրեին Human Rights Watch-ը հանդես է եկել Ուզբեկստանի իշխանություններին ուղղված կոչով, որտեղ մասնավորապես ասված է
«Ուզբեկստանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն հետապնդել բոլոր այն մարդկանց հարազատներին, ովքեր կասկածվում են Անդիջան քաղաքում 5 տարվա վաղեմություն ունեցող դեպքերին մասմակցության մեջ, երբ կառավարական զորքերի կողմից սպանվեցին հարյուրավոր անզեն ցուցարարներ»։
Միջազգային կազմակերպության տվյալներով, վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ շարունակվում են ճնշումներն ու հետապնդումները 2005թ. Մայիսի 13-ի հանրահավաքների այն մասնակիցների նկատմամբ, ում այդ օրը հաջողվել է հատել սահմանը և հեռանալ երկրից։
«Ուզբեկստանի իշխանությունները հետապնդում են յուրաքանչյուր մեկին, ով ինչ որ կերպ առնչվում է մայիսյան այդ հանրահավաքի հետ։ Անդիջանում տիրում է վախի մթնոլորտը, որը ֆիզիկապես զգացվում է և այսօր՝ 5 տարի անց այդ ողբերգական իրադարձություններից հետո», ասված է հայտռարարության մեջ։
Իսկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը վճռական քայլեր ձեռնարկել Ուզբեկստանում մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ:
