NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Օգնեք Էռնեստին

Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև էին հավաքվել դավաճանության ու լրտեսության մեղադրանքով Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հայաստանցի ընկերները, բլոգերներ ու իրավապաշտպաններ:
Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, ուստի ակցիայի մասնակիցները որոշել էին աջակցությամբ դիմել հենց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին' նրան հասցեագրած նամակը հանձնելով Ռուսաստանի դեսպանատուն:
Նամակում ասված է. «Հաշվի առնելով Ռուսաստանի հեղինակությունը ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում և մասնավորապես' Մերձդնեստրյան հանրապետությունում, ինչպես նաև այն, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հանդես են գալիս որպես մոլդովա-մերձդնեստրյան հակամարտության կարգավորման երաշխավորը, դիմում ենք ձեզ' խնդրելով աջակցել ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանի գործով արդարադատության հասնելու հարցում»:
Դեսպանատան անվտանգության ներկայացուցչին նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվել են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղ հանձնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հասցեագրված նույնաբովանդակ մի նամակ:
Նշենք, որ 29-ամյա Էռնեստ Վարդանյանը ծնունդով Գյումրիից է: Նա անազատության մեջ է այս տարվա ապրիլի 7-ից: Մերձդնեստրի իշխանությունները նրան մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ' Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:
