NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միգրացիոն նոր վտանգները կարելի է կանխել, եթե...
Ըստ «Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերնագրով զեկույցի տվյալների, 1988-2001թթ. Հայաստանի բնակչության թվաքանակը պակասել է 30 տոկոսով. երկիրը լքել է 1-1,1 մլն մարդ։ Զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցել այսօր' ՄԱԿ հայաստանյան գրասենյակում։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում միգրացիոն իրավիճակը մնում է մտահոգիչ, քանի որ կան գործոններ, որոնք կարող են միգրացիայի նոր ալիքի պատճառ դառնալ։ Դրանցից առանձնացվեց գյուղատնտեսական հողերի խոշորացման գործընթացը, ինչի հետևանքով շատ գյուղացիներ կարող են գործազուրկ դառնալ, գործոններից մեկն էլ այն էր, որ արտերկիր աշխատանքի մեկնած և այնտեղ հաստատված տղամարդիկ կարող են իրենց ընտանիքներին Հայաստանից տեղափոխել։
Զեկույցում փորձ է արվել բացահայտել միգրացիայի, աղքատության և անհավասարության պատճառահետևանքային կապը, անդրադառնալ մարդու իրավունքների պաշտպանությանը:
Հեղինակները նշել են, որ արտագաղթի պատճառները ոչ միայն բնակչության համար երկրում աշխատելու և գոյատևելու բարենպաստ պայմանների բացակայությունն էր, այլև այն, որ երկրի բնակչությունը ֆիզիկապես պաշտպանված չէր, ինչպես նաև ոտնահարվում էին նրանց իրավունքները։
Զեկույցում նշվում է, որ միգրացիոն հոսքերը նվազեցնելու համար պետությունը պետք է տնտեսական առողջացմանն ուղղված միջոցներ ձեռնարկի, կայունացնի աշխատաշուկան։ Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նույնպես պետք է միջոցներ ձեռնարկվեն։
Եթե միգրանտների վերադարձի ծրագիր չիրագործվի, ապա զեկույցի հեղինակների կանխատեսմամբ, ևս 200-300 հազար հայ մշտական բնակության կմեկնի արտերկիր։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանում միգրացիոն նոր վտանգները կարելի է կանխել, եթե գիտականորեն մշակված միգրացիոն քաղաքականություն իրականացվի։
