Դատապարտյալը ինքնասպան է եղել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապրիլի 29-ին հայտնաբերվել է  21-ամյա  դատապարտյալ Սուրեն Ավետիսյանի դիակը, ով ինքնասպանություն է գործել  պարանով կախվելու միջոցով:

Հարկ է նկատել, որ Ավետիսյանի հետ միասին խցում իրենց պատիժն են կրել ևս 16 դատապարտյալ, և հավանականությունը, որ խցակիցները ականատես են եղել Ավետիսյանի գործողություններին, բավականին մեծ է:

Ըստ Արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության' փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' քրեկան օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/, կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ, քրեակատարողական վարչության պետի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն' դեպքի հանգամանքները պարզելու և դեպքը կանխելու գործում թերացած ծառայողների շրջանակը պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նկատառումով:

2009 թ-ին Սուրեն Ավետիսյանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել քր.օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով' գողություն կատարելու մեղադրանքով: Նա Մեծամոր քաղաքի բնակիչ էր, նախկինում ևս մեկ անգամ դատապարտվել էր քր.օրենսգրքի 361 հոդվածով /Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը/: