Էռնեստ Վարդանյանն ահազանգում է

Մերձդնեստրում ձերբակալված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ կիրառվող խոշտանգումների մասին:

Հանուն բոլոր սրբերի, օգնեք կնոջս և երեխաներիս, առանց որոնց ես չեմ պատկերացնում կյանքը: Ինձ հարկադրում են խոստովանել, թե լրտեսել եմ և դավաճանել հայրենիքին' հօգուտ Մոլդովայի: Պարբերաբար ծեծում են և սպառնում են, որ կկիրառեն ավելի «հնարամիտ» խոշտանգումներ, որոնք հետքեր չեն թողնում: Սպառնում են, որ մեղադրանքներ կներկայացնեն և կձերբակալեն կնոջս, ցեխ են լցնում նրա վրա: Սպառնում են ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել կնոջս և երեխաներիս նկատմամբ:

Ես լրտես չեմ և ոչ ոքի չեմ դավաճանել, ես միայն ասել եմ ճշմարտությունը' հանուն սովորական մարդկանց կյանքի բարելավման: Բայց հարցաքննությունների ժամանակ հենց դրա մեջ են ինձ մեղադրում: «Ինքդ ես մեղավոր, մենք քեզ շատ ենք զգուշացրել, որ ավելորդ բաների մասին չխոսես, իսկ հիմա արդեն ուշ է դրան վերադառնալու համար»:

Հարցաքննությունները բեմադրում և նկարահանում են, և դրանց մեծ մասը կադրից դուրս է մնում: Խնդրում եմ չհավատալ իշխանությունների և քննչական մարմինների կողմից ինձ վերագրվող դավաճանության և լրտեսության մեղադրանքներին: Այստեղ ում ասես կարող են ստիպել խոստովանել ինչ ասես: Ինձ հարկադրում են մեղադրանքներ բարդել իշխանություններին քննադատող այլ մարդկանց վրա և նրանց դեմ ցուցմունքներ տալ:

Եթե հնարավոր է, օգնեք լավ փաստաբան գտնելու հարցում: Եվ հավատացեք իմ անմեղությանը, անգամ եթե ես ինքս ինձ վրա մեղք վերցնեմ վիդեոնկարահանումներում կամ դատական նիստերին' հրապարակավ: Հանուն ընտանիքիս անվտանգության' ես պատրաստ եմ ինձ վրա մեղք վերցնել և նստել այնքան, որքան պետք է հատուկ մարմիններին և իշխանություններին:

Ավելի լավ օրերի հույսով'

Էռնեստ Վարդանյան

14 ապրիլի, 2010թ.