NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ի պաշտպանություն Էռնեստ Վարդանյանի

28 ապրիլի 2010
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար
Պարոն Թոմաս Համարբերգին
Մարդու իրավունքների եւ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ
Պարոն Քրիստոս Պուրգուրիդեսին
Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ
Պարոն Էնդրյու Մըքինթոշին
ԶԼՄ-ների ենթահանձնաժողովի նախագահ
Պարոն Մարկու Լուկկանեն
Մոլդովայի պատվիրակոիթյան ղեկավար
Տիկին Աննա Գուտու
Հարգելի գործընկերներ,
Սույն դիմում-խնդրանքը վերաբերվում է չճանաչված Մերձդնեստրյան հանրապետության տարածքում կալանավորված անկախ լրագրող Էռնեստ Վարդանյանի ոտնահարված իրավունքներին:
Էռնեստ Վարդանյանը ծնվել է 1980 թ. մայիսի 11-ին, Գյումրի քաղաքում (նախկինում՝ Լենինական): Նրա ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Մոլդովական Հանրապետության Տիրասպոլ քաղաք' 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որի ժամանակ նրանք կորցրել են բնակարանը: Վարդանյանը միջնակարգ կրթությունը ստացել է Տիրասպոլում, այնուհետև ընդունվել Մոլդովայի պետական համալսարան՝ ստանալով քաղաքագետի որակավորում: Վերադառնալով Տիրասպոլ՝ նա աշխատանքի է անցել ՙՕլվիա-պրեսս՚ տեղեկատվական կազմակերպությունում որպես լրագրող, զուգահեռ' իր օրվա հացը վաստակելով նաև թարգմանություններով (էռնեստ Վարդանյանը տիրապետում է վեց լեզուների): ՙՕլվիա-պրեսս՚ գործակալությունից Է. Վարդանյանը տեղափոխվել է ռուսական ՙ«Նովիյ ռեգիոն՚» տեղեկատվական գործակալություն, որտեղ աշխատել է մինչև 2008 թ., որից հետո աշխատել է որպես թարգմանիչ, ազատ լրագրող՝ աչքի ընկնելով իր համարձակ հրապարակումներով: 2009 թ. դիմելով թափուր տեղի համար ՄԱԿ-ի հայտարարած մրցույթին՝ անցել է անհրաժեշտ քննություններն ու ընդունվել աշխատանքի, և ապրիլ ամսին սպասում էր իր նշանակմանը, որի պատճառով տեղափոխվելու էր ԱՄՆ:
Համաձայն Էռնեստ Վարդանյանի հարազատների դիմումի' Մերձդնեստրյան պետանվտանգության ծառայողները 2010 թ. ապրիլի 7-ին Էռնեստ Վարդանյանին կալանավորել են. նրան մեղադրում են «պետական լրտեսություն իրականացնելու մեջ, որը, ըստ Մերձդնեստրյան Քրեական Օրենսգրքի 271 հոդվածի' նախատեսում է 12-20 տարի ազատազրկում: Մեղադրանքը զուրկ է որևէ հիմնավոր կասկածից:
Փակ դռների հետևում կայացած դատը, որին ներկա չեն եղել ոչ մեղադրյալը, ոչ իր պաշտպանը, որոշում է կայացրել երկարաձգել կալանքը վաթսուն օրով: Ձերբակալված Էռնեստ Վարդանյանին թույլ չեն տալիս վարձել իր փաստաբանին՝ տրամադրելով միայն պետական պաշտպան, որին նրա ընտանիքը ոչ ճանաչում է, ոչ էլ կարող է վստահել: Էռնեստ Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբանին թույլ չեն տալիս նրան տեսակցելու կամ գործին ծանոթանալու:
Ընտանիքը չունի որևէ տեղեկություն Էռնեստի առողջական վիճակի և նրա վրա գործադրվող ճնշումների մասին: Զրկված լինելով նրա հետ հաղորդակցվելու որևէ հնարավորությունից, նույնիսկ միջնորդավորված՝ պաշտպանի միջոցով, ընտանիքի անդամներն անհանգստանում են նրա ոչ միայն առողջության, այլև կյանքի համար:
Սպառելով տեղական իրավապահ և անվտանգության մարմիններից որևէ բացատրություն կամ հիմնավորում ստանալու բոլոր հնարավորությունները, Էռնեստ Վարդանյանի մայրը՝ Թամարա Շագոյանը, դիմել է ինձ' խնդրելով աջակցել, որպեսզի Մերձդնեստրյան իշխանությունները գործը վարեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային նորմերի շրջանակներում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն փաստը, որ թեպետ Մերձդնեստրյան հանրապետությունը չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ և չի միացել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային, այնուամենայնիվ' գտնում եմ, որ շտապ անհրաժեշտություն է ծագել հնարավորինս կանխելու և վերացնելու մարդու իրավունքների ոտնահարումը' կապված Էռնեստ Վարդանյանի գործի հետ' օգտագործելով Եվրոպայի Խորհրդի իրավասության ներքո գտնվող միջոցները:
Զարուհի Փոստանջյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ
Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի անդամ/
Հայաստանի Հանրապետություն
