NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանրային խորհրդի որոշումը
Հանրային խորհուրդը երեկ որոշում է կայացրել առաջարկել կառավարությանը, որպեսզի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնվի պետական հուշարձանների պահպանման ցուցակում: Հիշեցնենք, որ շինությունը մարտի 4-ի կառավարության որոշմամբ դուրս էր հանվել այդ ցուցակից:
Խորհրդի 11 անդամ առաջարկել են ձեռնպահ մնալ և որևէ որոշում չկայացնել' մթոլորտն ավելի չսրելու նպատակով: Սակայն որոշումն անցել է 17 կողմ ձայնով:
ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, հիմնավորելով շինության պահպանության անհրաժեշտությունը, նկատել է.
«Մոդեռն ոճի այս մշակութային կոթողը հիացրել է ոչ միայն հայ, այլև օտարերկրյա ճարտարապետներին»:
«Դեմ եմ որևէ հուշարձանի քանդմանը, բայց եթե դա պետք է պահպանվի այն գնով, որ հակամարտություն սկսվի եկեղեցու և հասարակության միջև, ճիշտ չէ պահպանելը»,- ասել է արվեստաբան Աննա Ասատրյանը:
Կարեն Բեքարյանն էլ առաջարկել է պահպանել շինությունը ներկա տեսքով' հանձնելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին /ի դեպ, այն արդեն հանձնված է Հայ առաքելական եկեղեցուն/, կառույցը վերածելով հոգևոր-մշակութային կենտրոնի և կազմակերպել կրոնական թեմաներով քննարկումներ:
Մարկոս սրբազանի կարծիքով, այն, որ կառույցն այսօր չի կատարում իր ֆունկցիոնալ պարտականությունը, դեռևս հիմք չէ այն ապամոնտաժելու:
«Երեկ մեկուկես ժամ խոսել եմ Վեհափառի հետ: Նրա մտահոգությունն այն է, որ շինությունը չի ծառայում իր նպատակին: Նա դեռ հանդիպելու է ճարտարապետների հետ' բանակցելու: Վեհափառը շատ նուրբ է մոտենում այդ հարցին», ասել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Ըստ Կարինե Դանիելյանի, Երևանն ավերվել է բնապահպանական և քաղաքաշինական տեսանկյունից: «Շատ մշակութային շինություններ քանդվեցին, ոչ ոք մեզ չաջակցեց պայքարը մինչև վերջ տանելու հարցում: Ուրախալի է, որ այս խնդրի շուրջը մեծ աղմուկ է բարձրացել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դահլիճի քանդման դեմ կազմակերպվել էր ստորագրահավաք, որին միացել են 23.000-ից ավելի քաղաքացիներ:
