NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Դինքի սպանությունն ու իրավապահների սուտը»

Ապրիլի 27-ին Թուրքիայի լրագրողական ամենահեղինակավոր'Աբդի Իփեքչիի անվան մրցանակը (2010թ.) ստացավ «Milliyet»-ի թղթակից Նեդիմ Շեները' «Դինքի սպանությունն ու իրավապահների սուտը» գրքի համար:
Անցած տարի լույս տեսած այս գրքում Շեները փորձել է բացահայտել «Ակոս»-ի խմբագրապետի սպանության հանգամանքները: Գրքում նաև բացահայտվում են իրավապահների այն գործողությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են ստամբուլահայ լրագրողի դեմ կազմակերպված դավադրության հաջող իրագործմանը:
Գրքի լույս ընծայումից անմիջապես հետո մի խումբ իրավապահների պահանջով քրեական գործ հարուցվեց Շեների դեմ: Նա մեղադրվեց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու և հակաահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անձանց վարկաբեկելու մեջ:
Դեռևս անցած տարեվերջին գերմանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում «Milliyet»-ի լրագրողն ասել էր, որ իր գրքի նպատակը իրավապահներին հարձակման թիրախ դարձնելը չէր.
«Ես պարզապես ցանկանում էի վերհանել ճշմարտությունը»:
Նեդիմ Շեների դեմ դատական հայց ներկայացրած իրավապահների թվում է նաև ոստիկանության գաղտնի գործակալ Էրհան Թունջելը, ով, ըստ քրեական գործի նյութերի, Օգյուն Սամասթին դրդել էր սպանել Հրանտ Դինքին:
«Ակոս»-ի մեկնաբան Բագրատ Էսթուկյանն ասում է, որ «Milliyet»-ի լրագրողի դեմ հարուցված դատական պրոցեսն այժմ էլ շարունակվում է ու եթե դատարանը Շեներին մեղավոր ճանաչի, նա կարող է դատապարտվել 28 տարվա ազատազրկման, ինչն ավելի խիստ պատիժ կլինի, քան այն, որ նախատեսվում է Դինքի մարդասպանի համար:
«Ակոսի» մեկնաբանի խոսքով'Նեդիմ Շեներն, ըստ ամենայնի, կդատապարտվի 20 տարվա բանտարկության: Շեների գործով դատական բոլոր նիստերն ուղեկցվում են բողոքի ցույցերով:
«Նեդիմ Շեների աջակիցների մի բանակ է ձևավորվել: Նիստերի օրերին լրագրողին զորակցություն հայտնելու նպատակով դատարան են գնում նաև Հրանտ Դինքի եղբայրներն ու ընկերները»,- ասում է «Ակոս»-ի լրագրողը:
Ի պաշտպանություն Նեդիմ Շեների հանդես են եկել նաև երկրի առաջատար լրագրողական կազմակերպությունները: «Թուրքիայի լրագրողների ընկերակցությունը», օրինակ, հայտարարություն էր տարածել, որում ասված էր. «Նեդիմ Շեների նման հետաքննող լրագրողներն են, որ հանցագործությունների մասին տարատեսակ փաստեր բացահայտելով' բավարարում են հանրության տեղեկացված լինելու պահանջը»:
