NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը ոչ ազատ երկրների ցանկում

Հրապարակվել է Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության 2010 թվականի զեկույցը: Հայաստանը համարվում է ոչ ազատ երկիր. սա վերջին խումբն է' մամուլի համար կան ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ երկրներ:
Հայաստանը նույն ցուցանիշներն ունի Կամերունի, Կոտ դ'Իվուարի, Մարոկկոյի, Կատարի հետ։ Այս հինգ երկրները նույն ցուցանիշով 146-151-րդ տեղերում են։
Չնայած Հայաստանը մնացել է ոչ ազատ երկրների շարքում, այդուհանդերձ, Freedom House-ը որոշ բարելավում է արձանագրել։
«Հայաստանում եւ Մոլդովայում մենք տեսնում ենք գրաքննության կրճատում, ինչպես նաեւ լուրերի թողարկումների վրա վերահսկողության նվազեցում», - նշված է Freedom House-ի զեկույցում։
Անցյալ տարի Հայաստանը 68 միավոր ուներ, հիմա' 66, այսինքն, մնալով հանդերձ նույն խմբում' Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ 2 կետով բարելավում է արձանագրել։
2009 թվականի զեկույցում որպես բացասական դրսեւորումներ նշվել էին մամուլի նկատմամբ իրավական ճնշումներ գործադրելու եւ հեռարձակող մամուլը վերահսկողության տակ առնելու միտումները։
Հայաստանը ոչ ազատ երկրների խմբում հայտնվեց «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից հետո։
Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է, որը դասակարգված է մասամբ ազատ երկրների շարքում: Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ ոչ ազատ երկրների շարքում է, բայց ավելի հետին տեղում է։
Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառված է 196 երկիր։ Աշխարհի երկրների 35 տոկոսում մամուլը ազատ է, 33 տոկոսում' մասամբ ազատ, 32 տոկոսում' ոչ ազատ։
Freedom House-ի զեկույցում մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, իսկ ոչ ազատ երկրների խմբում ամենահետին տեղերում են Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը, Ուզբեկստանը, Կուբան, Էրիթրեան, Լիբիան, Բիրման, Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կորեան:
Freedom House-ը աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակը ուսումնասիրում եւ զեկույցներ է հրապարակում սկսած 1980 թվականից։
«Ազատություն» ռ/կ
