NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արգելվել է ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 16-ին Գեղագիտական դաստիարակության կենտրոնի փոքր թատրոնում (Աբովյան 11, Արաքս սրճարանի հարևանությամբ) պետք է ցուցադրվեր Տիգրան Պասկեւիչյանի «Ընտրություն» ֆիլմը, որը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող իրադարձությունների, քաղաքացիական պայքարի մասին: Ֆիլմը պատրաստվել է «Քաղբանտարկյալների կանայք» ծրագրի շրջանակում` ամերիկյան NED հիմնադրամի դրամաշնորհով:
Սակայն, ֆիլմի ցուցադրությունը չի կայացել. դահլիճի պատասխանատուները վերջին պահին հրաժարվել են տրամադրել այն ֆիլմի ցուցադրության համար:
Պրեմիերայից միայն մի քանի ժամ առաջ Տիգրան Պասկեւիչյանին հայտնել են, թե Գեղագիտական դաստիրակության կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանն արգելում է ֆիլմի ցուցադրությունը «Փոքր թատրոնում»:
«Ես հանդիպեցի Լևոն Իգիթյանին, ասաց, որ արգելողը ոչ թե ինքն է, այլ Կրթության նախարարությունը»,-ֆիլմի ցուցադրության տասնյակ հրավիրյալներին պատմեց Տիգրան Պասկեւիչյանը:
Այցելելով Գիտության և Կրթության նախարարության համապատասխան բաժին` նրան ցույց են տվել«Օրինակելի կանոնադրություն» կոչվող մի թուղթ, որի 9-րդ կետի համաձայն` Կրթության ոլորտի պետական, ոչ առևտրային կազմակերպություններին հաստատությունում արգելվում է քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
«Ես նրանց ասացի, որ ընդամենը ֆիլմ եմ ցուցադրում: Ես ոչ կազմակերպություն եմ ստեղծում, ոչ էլ գործունեություն ծավալում»: Սակայն Պասկեւիչյանի բացատրությունները չեն բավարարել ֆիլմի ցուցադրումն արգելվողներին:
Ֆիլմի ցուցադրության արգելումը հեղինակը գնահատել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի կոպիտ խախտում: «Ես որպես հեղինակ զրկված եմ ֆիլմը ցուցադրելու հնարավորությունից, իսկ այսքան մարդ` տեղեկատվություն ստանալու իրավունքից»,- «Ա1+»-ին ասել է Պասկևիչյանը:
