NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հազարավոր ընտանիքներ` խարխլված տնակներում

«Երրորդ բնություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայումս իրականացվում է «Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային սահմանադրական իրավունքների պաշտպանություն» ծրագիրը:
Պաշտոնական տվյալներով Հայաստանում կան մոտ 30 հազար անօթևան ընտանիքներ, որոնցից 6035-ը բնակվում են ժամանակավոր կացարաններում (հիմնականում' խարխլված տնակներ): Նրանց մեծ մասը ծայրահեղ աղքատ ընտանիքներ են, որոնցից շատերը դարձել են անօթևան բնական աղետների հետևանքով' երկրաշարժերի, սողանքների, ջրհեղեղների: Մյուս մասը, երիտասարդ ընտանիքներ են, որոնք նախկինում բնակվելով գերբնակեցված բնակարաններում (մեկ սենյակում ավելի քան 4 անձ), ստիպված տեղափոխվել են լքված տնակներ, կամ շատ էժան գնով ձեռք բերված ժամանակավոր կացարաններ:
Ներկայումս այդպիսի կացարաններում բնակվող մարդկանց բնակարանային-կոմունալ պայմանները հիշեցնում են համաշխարհային պատերազմների հետևանքների մասին պատմող ֆիլմերի կադրերը: Հայաստանի սահմանադրությումբ մարդուն տրված բնակարանային իրավունքները այս մարդկանց համար դարձել են անհասանելի երազանք:
Սկսած 1999 թվականից ՀՀ Կառավարության կողմից իրականացվել են կամ իրականացման փուլում են 15 ծրագրեր, որոնց թվում են ՙԲնակարանների գնման վկայագրեր՚ ծրագիրը,
ՙԼինսի՚ հիմնադրամի միջոցներով բազմաբնակարան շենքերի շինարարության, գյուղական համայնքներում անավարտ բնակարանային շինարարությանը աջակցելու ծրագրերը և այլն: 2008 թվականի նոյեմբերին կառավարությունը կրկին հայտարարեց այն մասին, որ աղետի գոտու վերականգնումը համարվում է պետության առաջնահերթ խնդիրներից մեկը և խոստացավ պետբյուջեի միջոցներով կառուցել մոտ 4000 բնակարան:
Սակայն, եթե նույնիսկ այդ շինարարության և այլ ծրագրերի միջոցներով առաջիկա 3 տարիների ընթացքում բավարարվի երկրաշարժից բնակարանային կարիքավոր դարձած բոլոր ընտանիքների խնդիրը, ապա, ոչ աղետների հետևանքով անօթևան դարձած կարիքավորների պարագայում, ընդհանրապես, չկա ոչ մի ծրագիր կամ ռազմավարություն' նրանց խնդիրը լուծելու նպատակով:
Բազմաթիվ մասնագիտացված կառույցների կողմից կատարված վերլուծությունները ապացուցել են, որ հանրապետությունից շարունակվող արտագաղթի հիմնական պատճառներից մեկը անօթևանության խնդիրն է: Այդ խնդրի հետ անմիջական առնչություններ ունեն բնակչության առողջության, երիտասարդ և մրցունակ կադրերի արտահոսքի և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ռազմավարական են մեր երկրի զարգացման համար:
«Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային սահմանադրական իրավունքների պաշտպանություն՚ ծրագիրը հետապնդում է այդ հիմնախնդրի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխության նպատակ:
Ծրագրի շրջանակներում, Երևանի «Սիրահարների այգում» 2010թ.-ի ապրիլի 17-ին, ժամը 15:00-ին բացվող լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է տնակային ավանների իրական' ոչ մարդկային պայմանները: Ցուցահանդեսը կրում է ՙՀազարավոր ընտանիքներ' խարխլված տնակներում՚ խորագիրը, որի բացմանը հրավիրվում են բոլոր ցանկացողները:
Լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանն է: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է նշված լուսանկարների ալբոմը: Ալբոմը տարածվել է իշխանությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում' ծառայելու համար մարդու բնակարանային իրավունքների պաշտպանության դժվարին գործընթացներում, որպես լավագույն փաստարկ:
Ցավոք մինչ օրս Հայաստանի լայն հասարակությանը չեն տրամադրվել այս հիմնախնդրի իրական դեմքը պատկերող անհրաժեշտ քանակի տեղեկատվություն, որի հետևանքով տնակային ավաններում բնակվող ընտանիքների խնդիրը հասարակության և պետության կողմից ընկալվում է որպես ՙսովորական՚ հիմնախնդիր, առկա բազմաթիվ հիմնախնդիրների շարքում:
Մեր նպատակն է վերջապես հաղթահարել այս «մոլորությունը», որպեսզի պետական, հասարակական և սփյուռքի կառույցների կողմից տնակային ավանում բնակվող անօթևան ընտանիքի խնդիրը համարվի ազգային հեղինակության խնդիր:
«Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունը մասնագիտացված է, հատկապես, բնակարանային ոլորտում, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին տեխնիկական աջակցության ցուցաբերման և բնակարանային քաղաքականության վերլուծությունների ոլորտներում: Կազմակերպության նպատակն է բնակչության բնակարանային-կոմունալ պայմանների բարելավումը:
ՙՀայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային սահմանադրական իրավունքների պաշտպանություն՚ ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնել Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի աջակցության շնորհիվ:
Ք. Երևան 17 ապրիլի 2010 թ.
Պատասխանատու անձ' Ռաֆայել Մխիթարյան
