NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զոհվել է Լեհաստանի նախագահը

Այսօր Վարշավայից Սմոլենսկ չվերթի Ту-154 ինքնաթիռի վթարից զոհվել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Ինքնաթիռում եղել է 132 մարդ: Ըստ ՌԴ ԱԻՎ տվյալի, բոլորը զոհվել են: Ինքնաթիռում են եղել նաեւ Կաչինսկու կինը' Մարիա Կաչինսկայան եւ լեհական պատվիրակությունը, որ մեկնում էր Կատինի հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ Խորհրդային Միությունում գնդակահարված լեհական բանակի սպաների, մասնակցելու հիշատակի միջոցառումների:
ՌԴ նախագահ Մեդվեդեւի հրամանով ստեղծվել է աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով, որը ղեկավարելու է վարչապետ Պուտինը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, ինքնաթիռի վայրէջքի պահին մառախուղ է եղել, ինքնաթիռի թեւը հարվածել է ծառին եւ ընկել է: Հրդեհ չի բռնկվել:
Նշվում է աղետի նախնական վարկածը' օդանավի անձնակազմի սխալը: Այդ տեղեկատվությունը Ռուսաստանի ուժային կառույցների աղբյուրին հղում անելով հրապարակել է ՌԻԱ-Նովոստին:
Ըստ Wiadomosci լեհական պարբերականի, ինքնաթիռում են եղել Լեհաստանի Գլխավոր շտաբի պետ Ֆրանտիշեկ Գոնգորը, երկրի վտարանդի վերջին նախագահ Ռըշարդ Կաչորովսկին, լեհական բանակի ուղղափառ եպիսկոպոս գեներալ Միրոն Չոդակովսկին, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Սլավոմիր Սկշիպեկը, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ:
Լեհաստանի նախագահի պարտականությունները դրվել են երկրի Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու վրա, համաձայն սահմանադրության:
Լեհաստանում հայտարարվել է համազգային սուգ:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե վթարի վայրում գտնվել է սեւ արկղերից մեկը, որը չի վնասվել:
