NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը
26-ամյա Գարիկ Հարությունյանը հերքել է լրատվամիջոցների այն պնդումը, թե իր նկատմամբ կիրառվել է բռնություն
«Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ» հասարակական կազմակերպության ինտերնետային էջում «www.hra.am» մարտի 25-ին տեղադրվել է հոդված՝ «Ոստիկանությունում բռնության է ենթարկվել 26-ամյա երիտասարդը» վերտառությամբ, ըստ որի Արտաշատի բնակիչ 26-ամյա Գարիկ Հարությունյանը մարտի 24-ին' ժամը 09-ից մինչեւ 17:30 պահվել է ոստիկանության Արտաշատի բաժնում՝ զրկվելով պաշտպանական իրավունքից: Ավելին՝ հոդվածագիրը հղում անելով Գ.Հարությունյանին նշել է, թե, իբր «Քրեականի պետն անձամբ» ծեծել է նրան: Հիշյալ հոդվածի հիման վրա հրապարակումներ են եղել նաեւ «www.hetq.am» ինտերնետային թերթում (25.03.10թ.) եւ «Առավոտ» օրաթերթում (26.03.10թ.):
Հոդվածի հիման վրա՝ Արարատի մարզի դատախազը 26.03.10թ. ցուցում է տվել ոստիկանությանը ստուգել հոդվածում մատնանշված հանգամանքները, Գ.Հարությունյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ի կատարումն դատախազի ցուցումի՝ մարտի 29-ին որպես վկա հարցաքննության են հրավիրվել Գ.Հարությունյանը եւ նրա մայրը՝ Գյուլվարդ Սարգսյանը: Բայցի այդ՝ նույն օրը՝ 29.03.10թ. Գ.Հարությունյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի ներկայությամբ:
Համաձայն դատաբժշկական փորձաքննության թիվ 83 եզրակացության՝ Գ.Հարությունյանը որեւէ գանգատ չի ներկայացրել: Մասնավորապես վերջինս հայտարարել է, որ Արտաշատ քաղաքի «Պարտեզ» խանութից 19.03.10թ. կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Արտաշատի ոստիկանության բաժնում 24.03.10թ. որպես վկա հարցաքննվելիս իր նկատմամբ որեւէ մեկը բռնություն չի կիրառել, չի ծեծել, վնասվածքներ չի ստացել, հետեւաբար բուժօգնության չի դիմել: Եզրակացությամբ փորձագետները փաստել են՝ «Գ.Ն.Հարությունյանի մոտ փորձաքննության պահին մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:
29.03.10թ. Գ.Հարությունյանը ծանուցագրով ներկայացել է ոստիկանության բաժին՝ հոդվածում մատնանշված հանգամանքների շուրջ հարցաքննության:
Փաստաբան Ս.Սաֆարյանի ներկայությամբ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ Գ.Հարությունյանը հերքել է հոդվածում նշված այն պնդումը, թե, իբր, իր նկատմամբ բռնություն է գործադրվել: Մասնավորապես նա ցուցմունք է տվել, որ 2010թ. մարտի 24-ին՝ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, իրենց տուն է եկել ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը եւ, ներկայանալով որպես քրեականի բաժանմունքի օպերլիազոր Գաբրիելյան, իրեն հրավիրել ոստիկանության բաժին՝ «Պարտեզ» խանութից գողության գործով հարցաքննության: Ըստ վկայի՝ օպերլիազորի հետ գնացել է ոստիկանության բաժին, որտեղ հարցաքննությունը տեւել է մոտ մեկ ժամ՝ ժամը 10-ից մինչեւ 11-ը: Ապա՝ քրեական հետախուզության բաժանմունքում իրենից վերցրել են մատնահետքեր, իսկ օպերատիվ աշխատակիցները՝ զրուցել իր հետ: Ոստիկանությունից դուրս է եկել ժամը 14-14:30-ի սահմաններում ու գնացել տուն: Ժամը 16-ի սահմաններում տուն է եկել մայրը՝ հուզված՝ ասելով, թե կարծել է, որ մինչեւ հիմա իրեն պահում են ոստիկանությունում, քանի որ չի կարողացել բջջային հեռախոսակապով խոսել հետը: Մեջբերում ցուցմունքից. «...Այդ ժամանակ ես հիշեցի, որ հարցաքննությունից առաջ ես իմ բջջային հեռախոսն անջատել եմ, իսկ հետո էլ մոռացել միացնել, որի պատճառով մայրս ինձ հետ չի կարողացել կապնվել»,- ասել է Գ.Հարությունյանը ավելացնելով. «Ես մորս հայտնեցի, որ ոստիկանության բաժնում ինձ հետ կապված ոչ մի կոնֆլիկտ չի եղել, ինձ հարցաքննել են ու բաց թողել: Իրոք դա այդպես է եղել, քննչականի պետին չեմ տեսել ու ոչ մի առնչություն չեմ ունեցել: Ես ոչ մեկի նկատմամբ բողոք-պահանջ չունեմ»:
Գ.Հարությունյանի մայրը՝ Գ.Սարգսյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ, իմանալով որդուն ոստիկանության բաժին տանելու մասին եւ չկարողանալով հեռախոսակապ հաստատել նրա հետ, զանգահարել է իրեն ծանոթ լրագրողին եւ հայտնել իր ապրումների ու ենթադրությունների մասին: Մեջբերում ենք Գ.Սարգսյանի 29.03.10թ. ցուցմունքից՝ «Նրան ասացի, որ որդուս՝ Գարիկին առավոտվանից տարել են ոստիկանության բաժին ու ինչ-որ գողության գործով հարցաքննելու, բայց արդեն մի քանի ժամ է նրան բաց չեն թողնում ու երեւի ստիպում են, որ գողություն ընդունի եւ ծեծում են»: Միաժամանակ վկան հայտնել է, որ ժամը 16-ի սահմաններում գնալով տուն որդուն տեսել է տանը եւ որ վերջինս որեւէ բողոք չի ներկայացրել: «Մեկ օր անց «Առավոտ» օրաթերթում կարդացի Գարիկի վերաբերյալ տպված հոդվածը, որտեղ նշված էր, որ Գարիկին քննչականի պետը ծեծի է ենթարկել: Քննչականի պետը նրան չի ծեծել եւ Գարիկը նրան չի տեսել, ես լրագրողին քննչականի պետի մասին ոչ մի խոսք անգամ չեմ ասել: Անձամբ ինքս էլ քննչականի պետին չեմ ճանաչում եւ երբեւէ չեմ առնչվել», որպես վկա հարցաքննվելիս հայտնել է Գյուլնարա Սարգսյանը:
Հոդվածում մատնանշված հանգամանքների ստուգմամբ չեն հիմնավորվել հիշատակված իրավունքի խախտման դեպքերը, հակառակը՝ հիմնավորվել է, որ հոդվածում օգտագործվել են չստուգված եւ մտացածին տեղեկություններ: Ակնհայտ է, որ հոդվածագիրը կարող էր խուսափել մտացածին տեղեկություններ, ենթադրություններ տարածելուց, եթե փորձեր հավատարիմ մնալ լրագրողի էթիկայի կանոններին եւ ճշտեր իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Առավել եւս, երբ հոդվածը կայքում տեղադրվել է 25.03.10թ. եւ ցանկության դեպքում լրագրողը կարող էր խոսել ինչպես Գ.Հարությունյանի, նրա մոր՝ Գ.Սարգսյանի հետ, այնպես էլ համապատասխան հարցմամբ դիմեր իրավապահ մարմիններին՝ ճշտելու մանրամասները:
Ի դեպ, հոդվածում հեղինակը անդրադարձել է նաեւ դատախազությանը, նշելով, թե Գ.Հարությունյանի հոր քրեական գործով դատախազությունը «ամեն ինչ անում է և արել է ՝ ներգործելու վճռաբեկ դատարանի վրա» եւ որ այդ գործով շահագրգիռ է «Արտաշատի դատախազ Ս.Պարսամյանը»:
Տեղեկացնում ենք, որ հոդվածում դատախազությանը վերաբերող նշված տեղեկությունների ստուգումը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչությանը: Դատախազությունը գրավոր հարցմամբ դիմել է «Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ» կազմակերպությանը՝ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հոդվածի հիմք հանդիսացած փաստերը տրամադրելու համար : Ակնկալում ենք, որ հեղինակը ունեցել է փաստեր՝ դատախազին հոդվածում մատնանշված գործողությունները վերագրելիս եւ դրանք կտրամադրի՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Միաժամանակ՝ տեղեկատվության կարգով նշենք, որ «Արտաշատի դատախազություն» եզրույթ գոյություն չունի: Դատախազության տարածքային ստորաբաժանումների անվանումները տեղադրված են ՀՀ դատախազության ինտերնետային էջում, որտեղից լրագրողը կարող էր նաեւ տեղեկանալ, որ մասնավորապես Արարատի մարզի դատախազը ոչ թե Ս.Պարսամյանն է, այլ Սարգիս Մնացականյանը:
Հոդվածի հրապարակումից հետո, մեր կողմից կատարված ճշտումների արդյունքում, հոդվածում կատարվել է համապատասխան ուղղում: Սակայն, կարծում ենք, կարելի էր ի սկզբանե խուսափել անգամ նման պարզ հարցերում ընթերցողներին սխալ տեղեկատվություն տրամադրելուց եւ տեղեկությունները ճշտել նախապես՝ մինչեւ հրապարակելը:
Կարծում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ներառում է նաեւ քաղաքացու ստուգված եւ ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
ՀՀ գլխավոր դատախազություն
