NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Օլիմպ» ԱԿ-ի հայտարարությունը

«Օլիմպ» ԱԿ-ին պատկանող Միլանո խանութի վտարման գործողությունների առնչությամբ Արդարադատության նախարարության կայքէջում 22.03.2010թ-ին տեղադրվել է հայտարարություն։ Ի պատասխան Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հրապարակած տեղեկատվության հայտնում ենք.
Համաձայն Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի տված կատարողական թերթի՝ ԴԱՀԿ ծառայությունում 04.02.2010թ-ին հարուցվել է կատարողական վարույթ, իսկ 26.02.2010թ-ին որոշում է կայացվել կատարողական վարույթը ավարտելու մասին։
«Օլիմպ» ԱԿ-ն և Հովհաննես Ղուկասյանը մինչև վտարման գործողությունները չեն ստացել որևէ որոշում կատարողական վարույթ վերսկսելու մասին։ Կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշումը ուղարկվել է 15.03.2010թ-ին Աբովյան 4 հասցեով և ստացվել է 16.03.2010թ-ին, որտեղից արդեն իսկ վտարված են եղել «Օլիմպ» ԱԿ-ն և Հ. Ղուկասյանը։
Կատարողական թերթի ինչպես նաև վճռի եզրափակիչ մասի բովանդակության համաձայն ԴԱՀԿ աշխատակիցները պարտավոր էին հարկադրել «Օլիմպ» ԱԿ-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին մինչև 12.03.2010 թ. «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության հետ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևան քաղաքի Աբովյան 4 հասցեում գտնվող, նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր, վտարել զբաղեցրած տարածքից և դադարեցնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։
Այսպիսով, համաձայն դատարանի վճռի, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մինչև 12.03.2010թ. պետք է պարտավորեցնեին «Օլիմպ» ԱԿ-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին կնքել պայմանագիր։ Սակայն փոխանակ հարկադրելու պայմանագիր կնքել, նրանք մինչև նշված ժամկետը իրականացրել են վտարման գործողություններ։ Մարտի 15-ին, երբ նոտարական գրասենյակում փորձ է արվել վավերացնել պայմանագիրը, նոտարը հրաժարվել է ՝ վճռում առկա անճշտությունների պատճառով։ Այն է'Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի' Իրավաբանական անձի հիմնադիրը (մաuնակիցը) պատաuխանատու չէ իրավաբանական անձի, իuկ իրավաբանական անձը' իր հիմնադրի (մաuնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ uույն oրենuգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեuված դեպքերի:
Տվյալ դեպքում Հ. Ղուկասյանը հանդիսանում է «Օլիմպ» ԱԿ փայատերերից մեկը, և «Օլիմպ» ԱԿ-ն որևէ կերպ պատասխանատու չէ Հ. Ղուկասյանի պարտավորությունների համար:
Անտեսելով օրենքի նշված դրույթները' ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները իբրև թե ի պահ են վերցրել կոոպերատիվին պատկանող ողջ գույքը և տարածքից վտարել են «Օլիմպ» ԱԿ-ին, նրա վերաբերյալ չունենալով ոչ վճիռ, և ոչ էլ կատարողական թերթ:
Ինչ վերաբերում է կատարողական վարույթները կարճելու մասին 16.03.2010թ-ի որոշմանը՝ մեզ նորից պատշաճ չեն ծանուցել և դրա մասին տեղեկացվել ենք Արդարադատության կայքում հրապարակված հաղորդագրությունից։
Գործում առաջ է եկել նաև նոր հանգամանք, որը վերաբերվում է «Օլիմպ» ԱԿ-ի փայատեր Լ. Մրյանի գործին մասնակից չդարձվելուն։ 15.03.2010թ-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել «Օլիմպ» ԱԿ-ի փայատեր Լ. Մրյանի բողոքը՝ գործին մասնակից չդարձվելու պատճառաբանությամբ։ Սա նշանակում է, որ այս գործով օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ այլևս գոյություն չունի։
Հայտնում ենք նաև, որ «Օլիմպ» ԱԿ-ն նախապատրաստում է հայց՝ դատարան դիմելու համար։
