Սենսացիոն հայտարարություն բանտից

Ադրբեջանում անազատության դատապարտված լրագրող, «Իրական Ադրբեջան» թերթի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: «Թուրան» գործակալության հաղորդմամբ, նա հայտնել է իր գործընկեր,«Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության կազմակերպչի անունը: Վերջինիս պնդմամբ, սպանությունը կազմակերպել է Ադրբեջանի ԱԱՆ բարձրաստիճան սպա Ակիֆ Չովդարովը:

Գործող իշխանությանը սուր քննադատության ենթարկող Էլմար Հուսեյնովը սպանվել է 2005 թվականի մարտի 2-ին: Ադրբեջանական պետական քարոզչությունը տարածում է հանցագործության այլ վարկածներ՝ հավանական համարելով այն տարբերակը, որ լրագրողի սպանությունն իրականացրել են Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի երեք անձ։ Սպանության պատվիրատուն, սակայն, անհայտ է։

Բանն այն է, որ Էյնուլա Ֆաթուլաևը լրագրողական հետաքննություն կատարելիս Թբիլիսիում հանդիպել է նշյալ երեք անձնաց հետ, որոնց Ադրբեջանն իբր միջազգային հետախուզում է հայտարարել:

«Փոխանակ նրանց ձերբակալելու, Ազգային անվտանգության նախարարությունը սկսեց ճնշումներ բանեցնել իմ ու հետաքննությամբ զբաղվող հասարակական հանձնաժողովի մյուս անդամների վրա' պահանջելով դադարեցնել գործունեությունն ու ստորագրություն վերցնելով տեղեկություններ չհրապարակել երեք կասկածյալների մասին»,- պատմել է Էյնուլա Ֆատուլաևն։ Նա շեշտել է, որ իր ձերբակալման ու դատապարտման պատճառը հենց այդ սպանության հետաքննությունն է:

«Մյուսները դադարեցրեցին հետաքննությունը, սակայն ես շարունակեցի և եկա եզրահանգման, որ բոլոր կասկածներն ուղղվում են մեկ անձի' ԱԱՆ սպա Ակիֆ Չովդարովիվ»:

Իր խոսքով, այս կապակցությամբ ինքը դիմել է ԱԱՆ փոխնախարար Խիլալ Ասադովին, գլխավոր դատախազությանն, ինչպես նաև զոհվածի փաստաբաններին ու իրավապաշտպանների: Հենց այս դիմումին էլ, ըստ Ֆատուլաևի, հետևել է իր ձերբակալությունը:

«Ալիևները պատերազմ են գնում» հոդվածի հրապարակումից հետո' 2007թ. մայիսի 16-ին Ադրբեջանի ԱԱՆ-ում հարուցվում է քրեական գործ, Էյնուլա Ֆաթուլաևը սկզբում ընդգրկվում է որպես վկա, ապա' կալանավորվում: Կալանքի մեջ եղած ժամանակ, նրա խոսքով, իրեն են այցելում ԱԱՆ ղեկավարները, այդ թվում Ակիֆ Չովդարովը, և զրույցի ընթացքում նշում, որ Էլմար Հուսեյնովի սպանությունը պետական գաղտնիք է ու մասնավոր հետաքննություններն այս հարցում ապօրինի են: