NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արժանապատիվ վերաբերմունք մահվանից հետո
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմում է հղել Սահմանադրական դատարան' "Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին ՀՀ օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի Սահմանադրության 14-րդ հոդվածին և 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ":
"Մարդու արժանապատվության պաշտպանության կարևոր նախադրյալներից է նրա իրավունքների ազատ և անարգել իրագործումը: Մարդու կամքի ազատ արտահայտումը որպես նրա արժանապատվության իրավունքի անբաժանելի մաս, պետք է պաշտպանվի և հարգվի ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո:
Վերոնշյալը հավասարապես վերաբերում է նաև անձնական անձեռնմխելիության իրավունքին, որն անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում մարդու մահից հետո նրա մարմնի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի և մահացածի մարմնի իրավական պաշտպանության համար: Մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում, որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո:
Մինչդեռ վիճարկվող նորմը ելնում է հակառակ տրամաբանությունից, սահմանելով, որ մարդն իր մահից հետո հանդիսանում է դիակային դոնոր, եթե իր կենդանության օրոք չհրաժարվի որպես այդպիսին հանդես գալուց: Այսինքն, a priori, մարդու մահից հետո նրա մարմնի ճակատագիրն արդեն իսկ որոշված է:
Բացի այդ, վիճարկվող նորմը միավորում է իր մեջ երկու տարբեր իրավական մոտեցումներ,"համաձայնության նախապայմանը" և "անհամաձայնության նախապայմանը", քանի որ 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ "օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա, որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ":
Նման պարագայում, երբ մեկ իրավական նորմում օգտագործվում են միմյանց հակադրվող սկզբունքներ և 7-րդ հոդվածի 1-ին մասում խոսք չկա "դիակային դոնոր հանդես գալու որոշման" մասին, ակներև է իրավական անորոշությունը և խառնաշփոթը: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից բխում է, որ որևէ նորմ չի կարող համարվել "օրենք", եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին:
Գտնում ենք, որ առկա իրավական կարգավորումը պայմաններ է ստեղծում իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմի կամայական մեկնաբանման, կիրառման և չարաշահման համար: Այնինչ դիակայի դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու հետ կապված հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը պետք է լինի միանշանակ և հստակ ելնելով միջազգային հանրաճանաչ այն սկզբունքից, որ առանձին անհատի շահերը և բարօրությունը գերակա են հասարակության կամ գիտության շահերից, և հաշվի առնի նաև բարոյականության նորմերը, հասարակության իրավական կրթվածության, զարգացածության և տեղեկացվածության մակարդակները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով և 101-րդ հոդվածի 8-րդ կետով, խնդրում եմ որոշել Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին և 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը", ասվում է նամակում:
