Դատախազությունը սպասում է հանրության աջակցությանը

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը  օրերս հայտարարել է, թե մարտի  1-ին զոհված 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննությունը շարունակվում է և նախաքննական մարմինը սպասում է հանրության աջակցությանը։ Նման մի հայտարարությամբ էլ հանդես էր եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. որ այդ ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, սակայն հանրությունը բավարար չափով չի աջակցում նախաքննությանը։

«Հանցագործությունը բացահայտված է, հայտնի է' ովքեր են կիրառել [հատուկ միջոցները], եւ գիտենք այն շրջանակները, որոնց գործողությունների արդյունքում, ասենք, վիրավորներ կան եւ զոհեր կան։ Բայց այն, որ մենք կոնկրետ պետք է կարողանայինք ճշտեինք' ում գործողությունների արդյունքում է կոնկրետ անձը սպանվել, մահ պատճառվել նրան' այ դա չկարողացանք», խոստովանել է մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի քանի դեռ չկա այս հարցի պատասխանը, բաց է մնում  կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:

Մինչեւ մարտի 17-ը Ազգային ժողովը, մասնավորապես' պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին ներկայացնի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած առաջարկների իրականացման ժամանակացույցև ու կատարվող քայլերի անհրաժեշտությունը։