Խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժին

Այսօր առավոտյան ժամը 8։00-ից չեն աշխատում Վանաձոր-Երևան, Սպիտակ-Երևան, Ստեփանավան-Երևան, Տաշիր-Երևան, Ալավերդի-Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները։ Այս մասին նշվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունում։

«Հերթական անգամ ընդդիմության հանրահավաքի օրը ոստիկանության ստորաբաժանումները' քրեական, պահակային և ճանապարհային ոստիկանությունը, առանց որևէ հիմնավորման կանգնեցնում են մեքենաները մշտական պահակային կետերում, մասնավորապես. Վանաձոր-Երևան երթուղու Ալագյազի հատվածում' խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը։

«Ըստ որոշ տեղեկությունների' ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին հրահանգվել է ոստիկանության մարզային կառույցների կողմից 2010թ. մարտի 1-ին չիրականացնել ուղևորափոխադրում»,- հայտարարում է գրասենյակը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է իրավապահ մարմինների «ակնհայտ ապօրինի գործողությունները, որոնցով խոչընդոտվում են տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը և քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը»։

Հայտարարության հեղինակները պահանջում են անհապաղ դադարեցնել հակաօրինական գործողությունները և դիմում ՀՀ գլխավոր դատախազին' քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինություն իրականացնող պաշտոնատար անձանց։

Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Հայ ազգային կոնգրեսը, որով մասնավորապես դատապարտում է իշխանությունների ձեռնարկած գործողությունները։

«Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը «բացատրական զրույցների», սպառնալիքների միջոցով հատկապես ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց։ Զուգահեռաբար մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է անհրաժեշտության դեպքում մարտի 1-ին դադարեցնել ուղևորափոխադրումը Երևան»,- ասված է հաղորդագրությունում։