NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավունքները սահմանափակվում են բերման ենթարկվելիս

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում է անձանց' իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացված բողոքների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի տարաբնույթ մեկնաբանությունները հաճախ պրակտիկայում հանգեցնում են մի իրավիճակի, երբ անձը բերման է ենթարկվում քրեական հետապնդում իրականացնող մարմին և առանց կասկածյալի կամ վկայի կարգավիճակ ստանալու պահվում է արգելանքի տակ, հարցաքննվում է որպես վկա, ընդ որում այդ ամբողջ ընթացքում նրան արգելվում է օգտվել պաշտպան ունենալու իրավունքից' պատճառաբանելով կասկածյալի կարգավիճակ չունենալու հանգամանքով: Հաճախ տվյալ անձի նկատմամբ ձերբակալման արձանագրությունը կազմվում և հայտարարվում է նրան այս բոլոր գործողությունների ավարտից շատ ավելի ուշ, ինչից հետո միայն նրան հնարավորություն է տրվում օգտվելու պաշտպան ունենալու իրավունքից:
Գտնում ենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այս դրույթի նման մեկնաբանությունը և դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Եվրոպական դատարանի 5-րդ և 6-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ ձևավորված դատական նախադեպերին:
ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն երաշխավորում է յուրաքանչյուրի' ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը:
Սահմանադրությունը չի պայմանավորում այս իրավունքի իրականացումը ձևական առումով անձին կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքի հետ, հետևաբար և համապատասխան ակտի ընդունման հետ: Անձը պաշտպան ունենալու իրավունքից պետք է օգտվի փաստացի արգելանքի վերցնելու պահից, այլ ոչ թե ձերբակալման արձանագրությունն իրեն հայտարարելու պահից, հակառակ դեպքում պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը կախվածության մեջ կդրվի քրեական հետապնդման մարմնի հայեցողությունից: Փաստացի ձերբակալված լինելու պահից անձի' պաշտպան ունենալու իրավունքը ճանաչվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով:
ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է նաև յուրաքանչյուրի' իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Այս իրավունքի իրականացումը պայմանավորված չէ անձի' որպես կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքով և որևէ պարագայում չի կարող սահմանափակվել' ելնելով նրա դատավարական կարգավիճակից:
Ելնելով վերոգրյալից' ակնկալում եմ Ձեր հանձնարարականը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին ապահովելու անձի' փաստացի ձերբակալված լինելու պահից պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը:
