Հրանտ Դինքի գործով գաղտնի վկան

Թուրքերենին լավ չտիրապետելու պատճառաբանությամբ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գաղտնի վկան դատարան չներկայացավ։ Թուրքական «Milliyet» օրաթերթի հաղորդամաբ՝ այս մասին Ստամբուլի դատարանում 12-րդ դատական նիստին հայտնել է նախագահող դատավոր Էրքան Ջանաքը՝ ասելով, որ վկայի ինքնությունը չի հրապարակվում։ 

«Գաղտնի վկան լավ չգիտի թուրքերեն։ Թարգմանիչ չգտնելու պատճառով՝ ես նրան չեմ կանչել»,- տեղեկացրել էր դատավոր Ջանաքը։

Նույն թուրքական պարբերականի հաղորդմամբ դատի հաջորդ օրը դատավոր Էրքան Ջանաքը հայտարարել է, թե «գաղտնի վկային» դատարանի դահլիճ չի հրավիրել հայերենի իմացությամբ թարգմանիչ չգտնելու պատճառով։

«Milliyet-ը»  նշում է, որ իր իր տեղեկություններով գաղտնի վկայի դատախազությանը տրված ցուցմունքները ներկայացվել են թուրքերենով։ Թերթն ավելի վաղ նշում էր, որ «Ակօսի» խմբագրապետի սպանության գործի առնչությամբ գաղտնի վկան դատախազությանը տեղեկություններ էր հաղորդել թարգմանչի օգնությամբ

Վկան դատախազությանն ասել էր, որ ինքն անձամբ տեսել է, թե ինչպես են Հրանտ Դինքին մոտեցել երկու անձինք և կրակել նրա վրա։ Ըստ «գաղտնի վկայի»՝ Դինքի վրա դիմացից կրակել է Օգյուն Սամասթը, իսկ հետևից՝ Յասին Հայալը։ Վկան պատմել է նաև, որ ինքը «Ակօսի» խմբագրապետի՝ փողոցում ընկած դիակի շուրջ հավաքված բազմության մեջ տեսել է նաև Յասին Հայալի եղբորը՝ Օսման Հայալին։

Մինչև օրս շրջանառվում է նաև այն տեսակետը, թե Դինքի վրա կրակել է Օգյուն Սամասթը, իսկ Յասին Հայալն ու սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Էրհան Թունջելը նրան ուղղորդել են այդ գործողության ժամանակ։