ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾԻ ԴԵՄ

Հասարակական կազմակերպությունները Հայաստանի կառավարությունից եւ Ազգային ժողովից պահանջում են ետ կանչել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կազմակերպել տվյալ օրինագծի լայն հասարակական քննարկում: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) ցուցակով օրինագծի վերաբերյալ իրենց բացասական կարծիքն են հայտնել ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում է Էկոլուր տեղեկատվական կենտրոնը։

Հիմնադրամի հետ միաժամանակ այդ օրինագծի դեմ ստորագրահավաք է սկսվել նաեւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից: Քաղաքացիական ակտիվության ալիքը բացատրվում է նրանով, որ հասարակությունը նոր օրինագծում  վտանգ է տեսնում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման համար: Քաղաքացիական հասարակության նկատմամբ չինովնիկների կողմից վերահսկողություն սահմանելն իր հետ բերում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդում՝ փոխարինելով կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը վերջիվերջո կարող է հանգեցնել նեոբոլշեվիզմի վերադարձին: