Խոչնդոտել են լրագրողների աշխատանքը

Կիրակի օրը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվեցին Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Պատգամավորական մանդատի համար պայքարում էին 3 թեկնածուներ՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Որոշ տեղամասերում հանձնաժողովների նախագահները խոչընդոտել են  ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Երեւանի թիվ 114 դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում  ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանները եւ անհայտ անձինք խոչընդոտել են ընտրությունները լուսաբանող լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը։ Տեղի է ունեցել քաշքշուկ։ Հարված է ստացել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք փորձել են կոտրել «Ազատություն» ռադիոկայանի միկրոֆոնը։

Չնայած այն բանին, որ լրագրողները սահմանված կարգով ներկայացրել են իրենց լրագրողական վկայականները, տեղամասային հանձնաժողովի նախագահը նախ լրագրողներից պահանջել է անձնագիր ներկայացնել, ինչը հակասում է  Ընտրական օրենսգրքով սահմանված կարգին։ Այդուհանդերձ, նույնիսկ անձնագիր ցույց տալուց հետո հանձնաժողովի նախագահը հրաժարվել է լրագրողներին թողնել ընտրատեղամաս՝ հայտարարելով, թե նրանք խանգարում են ընտրությունների ընթացքը։

Միջադեպի առնչությամբ արձանագրություն է կազմել ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդը։

Մեկ այլ՝ 10/24 ընտրատեղամասում,հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել «Ժամանակ» օրաթերթի թղթակից Մարինե Խառատյանի աշխատանքը: