Դատավճիռը կհրապարակվի հունվարի 19–ին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննությունն այսօր ավարտվեց և դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ հայտարարեց դատավճռի հրապարակման օրը՝  2010թ. հունվարի 19-ը։

Մինչ այդ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը,  հանդես եկան պաշտպանական ճառով, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ինքնապաշտպանական ճառով ու վերջին խոսքով։   

«Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, պայքար, պայքար մինչև վերջ»,-սա Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքն էր դատարանում: Իսկ մինչ այդ իր ինքնապաշտպանական խոսքում նա մեկ անգամ ևս վերլուծություններ կատարեց դատարանում գործով ձեռք բերված ապացույցների ու դատաքննության ավարտից հետո չպարզաբանված մեղադրանքի շուրջ։ Նիկոլ Փաշինյանն իր ինքնապաշտպանական ճառում նշեց, որ ակնկալում է արդարացման դատավճիռ.

«Բայց ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս քաղաքական գործով որևէ դատարան կարող է արդարացման դատավճիռ կայացնել: Միևնույն է, ես արդարացման դատավճիռն ակնկալում եմ ոչ թե դատավորից, այլ ՀՀ քաղաքացուց ու ժողովրդից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ապա մասնավորեցնելով ասաց. «Ես ակնկալում եմ, որ Երևանի թիվ 10 ընտրատարածքի ընտրողները հունվարի 10-ին կկայացնեն իմ արդարացման դատավճիռը»: