NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վկաները չեն կարողանում նշել Փաշինյանին մեղսագրվող արարքներ

«Տարօրինակ է, թե ինչու է մեղադրող կողմը սույն անձանց մատնանշում որպես մեղադրող ցուցմունքներ տվող վկաներ։ Ես նրանց ցուցմունքներում, որևէ արտառոց բան չտեսա։ Ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը ամբողջ ժամանակ փորձել է հանդարտեցնել ժողովրդին և թույլ չտալ ապօրինի գործողություններ կատարել», երեկ դատական նիստից հետո ասաց Փաշինշյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարան հրավիրված վկաները ցուցմունքներ տվեցին Փաշինյանին առաջադրված 225 հոդվածի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքի շուրջ։ Վկաներ Լաուրա Մելքոնյանի, Կարեն Կոստանյանի և Դավիթ Գասպարյանի վկայություններից, ըստ էության, չէր երևում, թե Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգություններ է կազմակերպել կամ որևէ հրահանգ է տվել։ Երեք վկաներն էլ նշեցին, որ իրենք մասնակցել են խաղաղ հանրահավաքների, իսկ քարերով ու փայտերով զինվելը զուտ ինքնապաշտպանության նպատակ է հետապնդել։
Վկա Դավիթ Գասպարյանը նշեց, որ անձամբ ինքը քարեր նետել է, բայց դա արել է ինքնապաշտպանությունից դրդված։ Վկան դատապարտյալ էր և այս պահին գտնվում էր պայմանական ազատազրկման մեջ։ Վկայի խոսքով ինքը դատապարվել է 3 տարի, 11 ամիս և 27 օր պայմանական ազատազրկման՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ խանութներից սննդամթերք թալանելու համար։ Վկան կալանքի տակ է գտնվել 3 օր։ Նրան ազատ են արձակել հոր հիվանդության պատճառով։
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը համոզված է, որ վկա Դավիթ Գասպարյանը պատահականորեն չի համալրել դատակոչված վկաների ցանկը։ «Խանութի թալանով զբաղվող բոլոր անձինք միայն պայմանական ազատազրկման են դատապարտվել։ Պատահական չէ, որ նույն թալանով զբաղվողներին օգտագործում են Փաշինյանի դեմ ցուցմունք տալուն։ Այս վկան, իհարկե, արտոնյալ վկա է եղել և նա այդ պարտավորվածությունն ունեցել է հետագայում շարունակել ցուցմունքներ տալ Նիկոլի դեմ»։
Վկա Կարեն Կոստանյանին իրադարձություններից մի քանի օր հետո վաղ առավոտյան տանից բերման են ենթարկել «Կենտրոն» ոստիկանության բաժին, շուրջ 5-6 ժամ պահել այնտեղ, ապա տարել գլխավոր դատախազություն։ Պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս պարզ դարձավ, որ վկայի նկատմամբ իրավապահները ճնշումներ են գործադրվել։ Վկան ասում էր. «ես էլ էի ուզում քար վերցնել պաշտպանվել, որովհետև իրավիճակն այդպիսին էր»։
Ամփոփելով վկաների ցուցմունքները Լուսինե Սահակյանը նշեց, որ այս ցուցմունքներով էլ է հաստատվում, որ Նիկոլ Փաշինյանը իրեն մեղսագրվող արարքները չի կատարել։
Ի դեպ, այսօր ժամը 12-ին Վարչական դատարանը կլսի փաստաբանի ներկայացրած բողոքը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կայացրած որոշման դեմ, որով մերժվել էր պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը։ Ըստ այդ փաստաթղթի Փաշինյանը անցած տարվա փետրվարի 26-ից մինչև այս տարվա հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ և Հայաստանում չի բնակվել։
