NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանում քաղբանտարկյալներ կան
Այսօր քաղբանտարկյալի միջազգային օրն է։ Այս տոնը արդիական է Հայաստանի համար, քանի որ բանտերում դեռևս պահվում են 17 քաղբանտարկյալներ։ Օրվա կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներն ու և նախկին քաղբանտարկյալները միասին բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Պահանջում ենք», «Ազատություն», «Պայքար, պայքար մինչև վերջ» և այլ կարգախոսներ: Նրանք իրենց ձեռքներին ունեին բազմաթիվ պաստառներ: Երբ Կոնգրեսի երիտասարդները սկսեցին բարձրախոսով վանկարկել ու թմբուկ խփել, դիմացի մայթին աստիճանաբար ավելացող ոստիկանները մոտեցան ակցիայի մասնակիցներին՝ պահանջելով դադարեցնել թմբուկ խփելն ու վանկարկելը:
Ակցիայի մասնակից ՀՀ նախկին արտգործ նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ այսօր մեր ժողովրդի ամոթի օրն է, որովհետև անկախ Հայաստանում դեռևս կան քաղբանտարկայլներ:
«Ինձ թվում է մենք այս օրը պետք է հիշենք որպես Խորհրդային Միությունից մնացած մղձավանջ և հպարտանանք, որ մեր անկախ պետականության կերտումից հետո մենք չունենք որևէ նման խնդիր, սակայն ամոթով եմ նշում այս օրը, որովհետև իմ ընկերները դեռ բանտերում են: Մենք պետք է պայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ հոգի կա կալանավորված իր քաղաքական հայացքների համար: Դա մեր բոլորի ամոթն է»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը:
