Մեղադրանքի էությունն անհասկանալի է

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվող դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ փորձում էր դատարանից պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ի՞նչ հանցանք է ինքը գործել և ինչում են իրեն մեղադրում, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացավ։ Նախորդ դատական նիստում, երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակել էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, «Հայկական ժամանակի» խմբագիրը ժամանակ էր խնդրել մեղադրանքի նկատմամբ իր դիրքորոշումը հստակեցնելու համար։

Փաշինյանը, նախ մի հատված ընթերցեց մեղադրական եզրակացությունից.«Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Շանթ Հարությունյանը և մյուսները...», ապա նկատեց, որ մեղադրանքն այնքան ընդհանրական է, որ չի կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում կամ ովքեր են «մյուսները»։ «Ուզզում եմ հասկանալ ինձ եք դատում, թե մյուսներին»,ասում էր Փաշինյանը։

Դատավորը համբերատար պարազաբանում էր, որ նախորդ նիստում ինքն արդեն պարզաբանել է, սակայն Փաշինյանը ընթերցում էր քրեական դատավարության օրենսգրքի պահանջը, համաձայն որի, դատարանը պարտավոր է հիմնավորել և մատնանշել «կոնկրետ անձի կողմից կատարված, օրենքով չթույլատրված կոնկրետ արարք»։ «Եթե դուք գիտեք՝ ինձ էլ ասեք,- համառում էր Փաշինյանը։

Շարունակելով ընթերցել մեղադրանքից հատվածներ.«ՀՀ-ում դժգոհություն առաջացնելու, սադրիչ ելույթներ ունենալու, անհնազանդության կոչեր անելու, ուժ գործադրելու պատրաստակամություն հայտնելու», Փաշինյանը հարցնում էր։ «Սա իրավական փաստաթուղթ է, թե դիմորդի գրած ազատ շարադրություն»։  

փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես պահանջեց հստակեցնել մեղադրանքը և խնդրեց մանրամասնել, թե 2008 թ. Մարտի 1-ին ի՞նչ խմբերի է բաժանվել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, արդյոք դա բաժանել է Ն. Փաշինյա՞նը, կոնկրետ ո՞ւմ գործողություններից է 10 մարդ զոհվել և այլն:

Ըստ պաշտպանի' եթե այդ ամբողջը կատարել է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ նրա դեմ հարուցված քրեական գործում ներգրավված չեն տուժողներ' 10 զոհերի իրավահաջորդները, գործում նշված 178 հոգին, որոնք մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ստացել են տարբեր աստիճանի։

մարմնական վնասվածքներ և այլն:Պաշտպանական կողմը հիշյալ հարցերի կապակցությամբ նույնպես պարզաբանումներ չստացավ:

Այնուհետև դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն, ըստ որի, նախ կհարցաքննվեն տուժողներն ու վկաները(սկսած 2007-ի հոկտեմբերի 23-ի միջադեպից մինչև մարտիմեկյան իրադարձությունների վկաները), ապա կհետազոտվեն գործում եղած փաստաթղթերն ու կհարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։

Երեկ արդեն իսկ հարցաքննվեց տուժող ճանաչված, ոստիկանության աշխատակից Վազգեն Դաբաղյանը, ով ըստ նախաքննական մարմնի տուժվել էր 2007-ի.հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Հիշեցնենք, որ այդ օրը Փաշինյանն իր համախոհների հետ իրազեկում էր գալիք երթի մասին, որի ընթացքում էլ վիճաբանություն էր ծագել ոստիկանների հետ և նա բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

Երեկվա դատական նիստին մասնակցում էին նաև մարտի 1-ին զոհվածների հարազատները, ովքեր ասում էին, որ եկել են աջակցելու Նիկոլ Փաշինյանին, քանի որ համոզված են, որ նա որևէ  դատապարտելի արարք չի կատարել։

«Նիկոլի փոխարեն պետք դատվեն այն ոստիկանները, ովքեր սպանել են մեր տղաներին»,-ասում էր «Չերյոմուխա 7»-ի զոհը դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը,- «Իմ տղան էլ է մասնակցել այդ հանրահավաքին։ Նա գնացել էր ժողովրդին աջակցելու և նրան սպանել են միայն այն բանի համար, որ պաշտպանել է իր ձայնի իրավունքը»։

Ժաննա Ալեքսանյան

Հ.Գ. Դատական նիստի ավարտից հետո  հայտնի դարձավ, որ նիստի ընթացքում դատարանի բակից Շենգավիթի ոստիկանություն բաժին բերման են եթարկվել թմբուկ խփող երկու երիտասարդներ' Սարգիս Գեւորգյանն ու Սարգիս Խաչատրյանը։ Ոստիկանները նախ նրանց քաշքշել են, ապա խլել թմբուկները։: