Համատարած խախտումներ ամենատարբեր ոլորտներում

Այսօր հրավիրած ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն հարությունյանը անդրադարձել է  Հայաստանում մարդկանց աշխատանքային իրավունքի սկզբունքին, բնապահպանական խնդիրներին ու մենաշնորհներին։ ՄԻ պաշտպանն ասում է, որ այն մարդկանց համար, ովքեր գերշահույթ են ստանում քաղաքացուն շահագործելով, պետությունը նույնպես դառնում է գերշահույթի միջոց:

Այդ գնահատականը հիմնավորելու համար Արմեն Հարությունյանը բերում է երթուղային տաքսիների ոլորտի օրինակը: Տաքսիների վարորդների իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով իրավապաշտպանի գրասենյակը դիմել է պետական տեսչություն: 70 կազմակերպություններից 5-ը ստուգելուց հետո գրանցվել են մի շարք խախտումներ: Օրինակ, վարորդներն առանց հավելավճարի 18 ժամ աշխատել են: Այս ոլորտում բացակայում է նաև բժշկական վերահսկողությունը, իսկ կազմակերպություններից մեկն արդեն մեկ տարի է աշխատում է առանց արտոնագրի: Խախտվում է ոչ միայն մարդկանց աշխատանքային իրավունքը, այլ նաև ուղևորների անվտանգությունը:

Խոսելով երկրում գործող մենաշնորհային ընկերությունների մասին'պաշտպանը հայտարարել է. «Մենաշնորհային տնտեսությունը մեր երկիրը տանում է և տանելու է դեպի փակուղի»:

Շարունակելով թեման, Հարությունյանը, սահմանափակվել է ընդհանուր ձևակերպումներով: Օրինակ, իրավիճակից ելքը նա տեսնում է «ինստիտուցիոնալ փոփոխություններում: «Բարեփոխված հակամարգը պետք է նպաստի արժանապատիվ, ազատամիտ, ինքանաբավ քաղաքացու ձևավորմանը»:

«Այս ամենը ցույց է տալիս, որ այս տնտեսական համակարգի պայմաններում խոսել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանված լինելու մասին պարզապես անիմաստ է»,- հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

ՄԻ պաշտպանը համաձայն է, որ այդ ամենի համար կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: «Սակայն հիմնախնդիրը առավելապես պայմանավորված է սուբյեկտիվ գործոնով: Սակավառեսուրս, փոքր Հայաստանի միակ պոտենցիալը քաղաքացիների ստեղծագործական ուժի ազատ իրականացման պայմանների ստեղծումն է: Սակայն հակամենաշնորհային ինստիտուտները մեզանում արդյունավետ չեն գործում եւ մեծ չափով ձեւական բնույթ են կրում, ուստի այսօր ընդհանրապես երաշխավորված եւ պաշտպանված չեն սպառողների իրավունքները:  Նա հայտարարում է, որ մենաշնորհներն ու աշխատանքային շահագործումը պետք է արմատախիլ արվեն հանուն մեր ապագայի:

Օմբուդսմենի գրասենյակի ուսումնասիրության արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել նաև բնապահպանության ոլորտում: Հիմնական բացթողումները, ըստ Հարությունյանի, վերաբերում են զանգվածային ծառահատումներին, անտառների կամ ազգային պարկերի ոչ նպատակային օգտագործմանը, շինարարական թափոնների առկայությանը: Արմեն Հարությունյանը նշել է, որ վերջին օրերի տագնապը Կապանի բնապահպանական իրավիճակի մասին բնապահպան կազմակերպությունների ահազանգն է, ում խոսքով, հողի, սննդի ու ջրի մեջ հայտնվել են թունավոր նյութեր, որոնց մի մասը մոտ հարյուր անգամ գերազանցում է նորման:

«Ըստ հասարակական կազմակերպությունների, տեղի բնակիչները ոչ մի փոխհատուցում չեն ստանում, թեեւ նշված կազմակերպության պոչամբարը բաց է եւ նրա կողքին կան տներ, իսկ օդի թունավորումից անասուններ են սատկել եւ երեխաների մաշկն է պլոկվել», ասում է Արմեն Հարությունյանը, ավելացնելով, որ Կապանում գործող Deno Gold Mining  ընկերության գործունեության ստուգման արդյունքի մասին տվյալները չեն տրամադրվել բնապահպանական կազմակերպություններին: Ստուգումն իրականացնում է բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային տեսչությունը: Մինչդեռ, ըստ պաշտպանի, ՀՀ Սահմանադրության 33,2 հոդվածի համաձայն, պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
 
Արմեն Հարությունյանը անդրադարձել է նաև իրավապահ մարմինների հետ ՄԻՊ գրասենյակի համագործակցությանը, նշելով, որ միակը դատախազությունն է, ով չի գործակցում իրենց հետ: Մյուս կառույցները, ըստ պաշտպանի, ինչ որ չափով գործակցում են: Թեեւ, ոստիկանության մասով, պաշտպանն ասում է, որ երբ դիմում են ինչ որ մի քաղաքացու խոշտանգելու ահազանգի առիթով, սույն կառույցը կանչում է տվյալ ոստիկաններին և հարցնում, թե արել են այդ բանը, ստանում է բացասական պատասխան եւ ՄԻՊ գրասենյակին պատասխանում, թե խոշտանգում չի եղել: Ինչ վերաբերում է ստացված բողոքներիդ հարցում հետևողականությանը, ապա Արմեն Հարությունյանն ասում է, որ իրենց վիճակի բարդությունն այն է, որ քննադատելով պետական կառույցներին, հարցերը պետք է լուծեն հենց այդ կառույցների միջոցով: Այդ իսկ պատճառով օմբուդսմենը նշում է, որ ավելի ճիշտ է խուսափել հակադրությունից:

Ի պատասխան լրագրողների հարցի, Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից կսկսվի մարտի 1-ի գործով դատավարությունների վերաբերյալ իր արտահերթ զեկույցի թարգմանությունը, որից հետո հավանաբար մոտ երկու շաբաթից զեկույցը կներկայացվի հանրությանը: Արմեն Հարությունյանը ընդգծել է, թե իրեն չի գոհացնում Հայաստանի դատավարական համակարգը: