NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանը մերժում է պաշտպանների բացարկները
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Դատական նիստն սկսվեց փաստաբան Լուսինե Սահակյանի հայտարարությամբ այն մասին, որ դատարանում անհավասար պայմաններ են ստեղծված պաշտպանական կողմի համար. երբ մեղադրող կողմը առարկություն է հայտնում փաստաբանների կողմից արված միջնորդություններին, դատարանը պաշտպանական կողմին զրկում է հայտարարություն անելու հնարավորությունից, ինչն, ըստ Սահակյանի, խախտում է մրցակցային դատավարության սկզբունքը։
Փաստաբանի խոսքից հետո Նիկոլ Փաշինյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Կորյուն Փիլոյանին' հիմնավորելով, որ նա անկողմնակալ չէ և շահագրգռված է գործի ելքով: «Հայկական ժամանակի» խմբագիրը , մասնավորապես, շեշտում էր մարտիմեկյան սպանությունները, որոնք առայսօր բացահայտված չեն, իսկ Փիլոյանը ներկայացնում է հենց նախաքննական մարմնի շահերը։ ։ Ինչպես նախորդ օրը դատավորին, այնպես էլ երեկ, Փաշինյանը մեղադրող դատախազին և նրա գործընկերներին ներկայացրեց որպես իշխանական կոռումպացված բուրգի կարկառուն ներկայացուցիչ և դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջեց Կորյուն Փիլոյանին հեռացնել գործի քննությունից։
Իր պաշտպանյալի միջնորդությանը միացավ նաև Լուսինե Սահակյանը, ով նոր հիմքեր ավելացրեց Կորյուն Փիլոյանին հայտնած բացարկին։ Նա դատարանին հիշեցրեց, որ Կորյուն Փիլոյանը ղեկավարել է դատախազների այն խումբը, ովքեր զբաղվում էին 2008թ. Նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների առթիվ հարուցված քրեական գործերը:
«Նաեւ նախաքննության մարմինն է ընդունում, որ մարտի 1-ի առիթով հարուցված քրեական գործերը 2008թ. կեղծված ընտրությունների հետեւանք են: Եթե պարոն Փիլոյանը չի կարողացել պատշաճ վերահսկողություն իրականացնել 2008թ. ընտրությունները կեղծելու գործերով, նա չի կարող օբյեկտիվ լինել նաեւ այս գործով: Փիլոյանը այն դատախազը չէ, որ այս գործով անցնի: Նա պետք է հրաժարվի այս գործից»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Կորյուն Փիլոյանը հրաժարվեց իր ինքնաբացարկի մասին խոսք ասել, միայն նշեց, որ Լուսինե Սահակյանի խոսքի մեջ ճշմարտություն կա եւ դա վերաբերում է միայն նրան, որ ինքը ղեկավարել է 2008թ. ընտրությունների կեղծիքների վերաբերյալ հարուցված գործերով զբաղվող դատախազներին:
Մեղադրող կողմը անհիմն համարեց միջնորդությունը, իսկ քիչ ավելի ուշ դատարանը մերժեց այն։
Պաշտպանական կողմի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի կարճմանը, սակայն դատարանն այն թողեց առանց քննության՝ պատճառաբանելով, որ դատաքննության այս փուլում դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ այդ հարցին։
Երեկ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ դարձյալ մեծ բազմություն էր հավաքված, ովքեր վանկարկում էին «ազատություն Նիկոլին»: Հավաքված էին նաև մեծ թվով ոստիկաններ։ Ի դեպ ոստիկաններն իրենց թվով գերազանցում էին հավաքվածներին։
