NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեղադրական ճառը հաջորդ նիստում
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով դատավարությունը։ Մեղադրող Հունան Բաբայանը երկու աշխատանքային օր է խնդրել մեղադրական ճառով հանդես գալու և այն պատշաճորեն ներկայացնելու համար։
Այսօրվա դատական նիստում դատարանն արձանագրել է, որ գործի նյութերում առկա են անճշտություններ Հակոբյանին բերման ենթարկելու ժամի հետ կապված։ Ավելին, նիստը նախագահող Գագիկ Ավետիսյանը նշել է, որ իրավապաշտպանին բերման ենթարկելու ժամի՝ 14։30-ի վրա ուղղում է կատարվել և գրվել է 13։00։ Դատավորը մեղադրող Բաբայանի ուշադրությունը հրավիրել է այս հանգամանքի վրա։
Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը դատարանին տեղեկացրել է, որ ձերբակալվելուց հետո հունիսի 6-ին իր պաշտպանյալը ենթարկվել է բուժզննության, որի ժամանակ հայտնաբերվել ու արձանագրվել է, որ Հակոբյանի ձախ այտը, ձախ ականջը, ուսը և ձեռքը վնասված են։ Քերծվածքներ են եղել նաև Հակոբյանի երկու ոտքերի վերջնամասերում։ Պաշտպանը նշել է նաև, որ հունիսի 7-ին Հակոբյանի համար շտապ օգնություն է կանչվել, քանի որ նա ունեցել է գլխապտույտ, գլխացավ և սրտխառնոց։
Արշալույս Հակոբյանը դատարանին է ներկայացրել իր գլխի վնասվածքների լուսանկարները, որին դատավորը թերահավատորեն է վերաբերվել՝ նկատելով, որ գլուխը հետևից է նկարված և հնարավոր է, որ դա Հակոբյանի գլուխը չէ։ Իրավապաշտպանը դատարանում ասել է նաև, որ ծանուցագիր բերող ոստիկանները առիթ են փնտրել իրեն բերման ենթարկելու համար։
Փաստաբան Գայանե Խաչատրյանը հավելել է նաև, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը ուղղակիորեն կապ ունի Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների հետ: Արշալույս Հակոբյանը մայիսի 31-ին դիտարկել Երեւանի ավագանու ընտրությունները եւ ահազանգել խախտումների մասին:
Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը մայիսի 31-ին, որպես Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, մասնակցել էր Երևանի ավագանու ընտրություններին, որի ժամանակ էլ ընտրախախտումներ էր նկատել և արձանագրել, ու պարտավորվել էր նաև վկայություն տալ սույն միջադեպի առնչությամբ։
Իրավապաշտպանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ «ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալը»։ Նշենք նաև, որ Արշալույս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա։
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին։
