NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքներին նվիրված համաժողով

Սեպտեմբերի 28-ին Վարշավայում մեկնարկեց ԵԱՀԿ ԺՄԻԳ «Մարդկային չափումների կիրարկման համաժողովը» (Human Dimension Implementation Meeting), որն ընթանալու է մինչեւ հոկտեմբերի 9-ը եւ քննարկելու է մարդու իրավունքների հիմնախնդիրները ԵԱՀԿ անդամ երկրներում: Համաժողովին մասնակցում են 56 երկրներից ավելի քան 300 մասնակից, այդ թվում երկրների ԵԱՀԿ դեսպանները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի:
Այն բանից հետո, երբ հայաստանյան մի քանի վեբ կայքերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Վարշավայում այսօր մեկնարկած ԵԱՀԿ ԺՄԻԳ համաժողովում 56 անդամ երկրներից թափուր է մնում միայն ՀՀ ներկայացուցչի աթոռը, ժամը 15-ի նիստին վերջապես ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների բաժնի վարիչ Կարինե Սուջյանը զբաղեցրեց այն:
Երկրներում արդար դատաքննությանն ու արդարադատության երաշխիքներին վերաբերվող նիստում, ԱՄՆ ներկայացուցիչը իր ելույթում կրկին խոսեց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին, մասնավորապես նշելով, որ այդ դեպքերից հետո մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ են բանտակվել իրենց քաղաքական հայացքների համար: «Ճշմարիտ է, որ համաներման արդյունքում նրանց մի մասը ազատ արձակվեց, բայց դեռեւս 16 հոգի մնում են բանտերում իրենց քաղաքական այլախոհության համար: Այդ պայմաններում չի կարող վստահություն լինել դատական համակարգի նկատմամբ», ասաց ԱՄՆ ներկայացուցիչը: Նա իր ելույթում անդրադարձավ նաեւ ադրբեջանցի այն բլոգերների պատմությանը, որոնք ձերբակալվել են այն բանի համար, որ երգիծական մանրապատում են նկարահանել եւ տեղադրել You-Tube-ում:
Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իր ելույթում խոսեց այն մասին, որ ՀՀ գործող օրենսդրության եւ տեղի ունեցած իրավական բարեփոխումնների արդյունքում, դատավորները անկախ են եւ որեւէ մեկն իրավունք չունի ճնշումներ բանեցնել դատարանի վրա: Նա նշեց, որ մարտի 1-ը լուրջ քննություն էր Հայաստանի արդարադատության համար, նշեց, որ Հայաստանում Հանրային խորհուրդ է ստեղծվել եւ այն կարող է լուծել ընդդիմության ու իշխանության միջեւ առկա ճգնաժամը: 4 ոստիկանների գործով սկսված հետաքննությունը նա նույնպես հիշատակեց: Պատմեց, որ ՀՀ ԱԺ-ն արձագանքելով ՀՀ նախագահի առաջարկին, եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, համաներում է հայտարարել, որի արդյունքում 307 հոգի է ազատ է արձակվել: Բանտերում մնացած քաղբանտարկյալների մասին, հասկանալի է, որեւէ խոսք չեղավ:
29 սեպտեմբերի, Վարշավա
Մեկնարկային ելույթներից մեկում ԱՄՆ ներկայացուցիչը խոսեց հետխորհրդային երկրներում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին, մասնավորաբար նշելով 2008 թվականին Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած օրինախախտումներն ու խաղաղ ցուցարարների սպանությունները, Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ոտնձգությունները եւ նրանցից մեկի սպանությունը, հիշատակեց Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործով զբաղվող հասարակական գործիչների սպանությունները եւ այդպիսի 17 դեպքերից միայն մեկի բացահայտման մասին: Երկրների ԵԱՀԿ դեսպանների կլոր սեղանի շուրջ միայն Հայաստանի ներկայացուցչի աթոռն էր թափուր, եւ ներկաները, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի ներկայացուցիչների ելույթները լսելով այդ երկրներում ժողովրդավարական գործընթացների փառահեղ առաջըթացի մասին, այդպես էլ բախտ չունեցան լսելու Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մեկնաբանությունները' երկրին ուղղված քննադատության մասին:
Ռուսաստանի Դաշնության ԵԱՀԿ դեսպանը իր ելույթում դժգոհեց այն հանգամանքից, որ օրենքով փակված ՀԿ ներկայացուցիչները մասնակցում են ԵԱՀԿ ԺՄԻԳ համաժողովին եւ սպառնաց հետագայում տապալել համանման համաժողովները, եթե այդ պրակտիկան շարունակվի: Ըստ ներկա փորձագետների, ՌԴ ներկայացուցիչը վրդովված էր չեչենների շահերը պաշտպանող այն հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների մասնակցությունից, որի գործունեությունը Ռուսաստանում կասեցվել էր դատարանի որոշմամբ, բայց, որը շատ չանցած գրանցվել էր Ֆինլանդիայում: ԵԱՀԿ ԺՄԻԳ տնօրեն Յան Լենարչիչը ՌԴ վրդովված դեսպանին հաղորդեց, որ իր աառաջարկը հակասումէ ԵԱՀԿ ոգուն եւ գաղափարախոսությանը:
Լեւոն Բարսեղյան,
Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ
