NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը ծանր է
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կազմակերպություններին
Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Երիտասարդական շարժման ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շուրջ երկու եւ կես ամիս գտնվում է կալանքի մեջ: Նա մեղադրվում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար:
Երևանի Աբովյան փողոցում հուլիսի 1-ին քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկ բաժանող երիտասարդ ակտիվիստների վրա եւ դաժան ծեծի ենթարկել նրանց: Նրանցից մեկը' Տիգրան Առաքելյանը, ոստիկանի կողմից ատրճանակի կոթով հարված ստանալուց հետո, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 5-ին Տիգրան Առաքելյանը որպես տուժող հրավիրվել է Երեւանի Կենտրոնի ոստիկանություն, սակայն մի քանի ժամ տեւած հարցաքննությունից եւ առերեսումից հետո նրա կարգավիճակը փոխվել է' վերածվել է մեղադրյալի ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կալանավորվելուց հետո Տիգրան Առաքելյանը տարվել է Նուբարաշեն ՔԿՀ, իսկ կալանավորման 12-րդ օրը' հուլիսի 16-ին նյարդային ցնցում ախտորոշմամբ տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ:
Այսօր առողջության վատթարացման պատճառով Տիգրան Առաքելյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մոտ նկատվում է աչքի տեսողության անկում, գլխապտույտներ եւ ընդհանուր թուլություն: Նա չի կարող ստանալ պատշաճ բուժում, քանի դեռ հիվանդությունն ախտորոշված չէ: Հետազոտելու համար նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Տիգրան Առաքելյանի դեպքը պահանջում է շուտափույթ միջամտություն' երաշխավորելու արդար նախաքննության անցկացումը եւ խափանման միջոցի փոփոխություն' կանխելու առողջության հետագա վատթարացումը:
18 սեպտեմբերի, 2009թ.
ՀԱՅԱՍՏԱՆ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ
Հույս ՀԿ
Ժողովուրդն է տերը երկրի մեր կազմակերպություն
Փաստաբանները հանուն մարդու իրավունքների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ
Մենք պլյուս ՀԿ
Կրթության ասպարեզ ՀԿ
