Քրեական գործ ոստիկանների նկատմամբ

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ Չերյոմուխա-7 տեսակի հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1.2.3 մասերի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, ինչը մարդու առողջությունյանը անզգուշությամբ ծանր վնաս եւ երկու կամ ավելի անձանց մահ է առաջացրել)։ ՀՔԾ տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից ստացված տեսագրությունները, որտեղ կան կադրեր, թե ինչպես են վահաններով և մահակներով զինված ոստիկանության աշխատակիցները հետապնդում քաղաքացիական հագուստով անձանց և հատուկ միջոց հանդիսացող մահակներով հարվածում քաղաքացուն։  

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ ընդունեց նոր բանաձեւ, որով իշխանություններից  պահանջում էր բացահայտել եւ պատժել մարտի 1-ի սպանությունների պատասխանատուներին:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը կարծիք էր հայտնել, որ Հայաստանում համաներում հայտարարելուց հետո ձերբակալվածների ազատ արձակմամբ «Մարտի 1»-ի էջը չի փակվել:

«Ո՛չ: Դեռ առկախ շատ կարեւոր հարցեր կան այն մասին, թե ինչ կատարվեց մեկ տարի առաջ: Եվ ես դեռ շատ մտահոգված եմ այն իրողությամբ, որ որեւէ մեկը չի ձերբակալվել եւ չի պատժվել մահվան դեպքերի համար: Ասում են, թե մեկ ոստիկան է սպանվել, բայց սպանվել են նաեւ շատ այլ մարդիկ, ովքեր ոստիկաններ չէին եւ սպանվել են մեկ տարի առաջ: Դա սպանություն է»։