NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խաչատուր Սուքիասյանը կներկայանա իրավապահներին
Մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը հայտարարել են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի իրավապահ մարմիններին ներկայանալու հավանականության մասին: Մինչ այդ մամուլում արդեն հրապարակվել էր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը:
«Մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը նա կներկայանա, թե ոչ, մենք այդ հարցին որոշակի պատասխան տալու իրավասություն չունենք, որովհետեւ իրադարձությունները կարող են զարգանալ այս կամ այն կերպ եւ յուրաքանչյուր անձ ինքը ազատ է որոշելու իր գործի նկատմամբ իր վերաբերմունքը", լրագրողներին ասել է Արթուր Գրիգորյանը:
"Ամենեւին չի բացառվում, որ պարոն Սուքիասյանը ներկայանալու է եւ որպես նրա պաշտպաններ կարող ենք ասել, որ նա ամենայն հավանականությամբ կներկայանա":
Փաստաբանները հավելել են նաև, թե Խաչատուր Սուքիասյանի ներկայանալու դեպքում հասարակությունն ու լրատվամիջոցները կտեղեկացվեն հենց նույն պահին:
Հիշեցնենք, որ Սուքիասյանը մեղադրվում է ՔՕ նույն հոդված, որով մեղադրվում էին ընդդիմադիր պատգամավորները 225 հոդվածի 1-ին մասը (զանգվածային անկարգությունների կազմակերպում):
Փաստաբան Գրիգորյանը լրագրողներին տեղեկացրել է, որ գլխավոր դատախազը, գործող օրենսդրության համաձայն. պարտավոր է մտնել Ազգային Ժողով և համաձայնությունը ստանալ Սուքիասյանին առաջադրված նոր մեղադրանքի եւ խափանման միջոց ընտրելու կապակցությամբ, ինչը չի արել մյուս պատգամավորների դեպքում: Փաստաբանները նշել են, որ Սուքիասյանը մինչ օրս զրկված չէ անձեռնմխելիությունից, սակայն հավելել են, թե դժվար է Սուքիասյանի ճակատագիրը կանխատեսել օրենքի շրջանակներում, քանի որ նրա մեղադրանք է առաջադրվել, ոչ թե կատարած հանցանքի, այլ քաղաքական հայացքների համար:
