Հարձակում հանրահավաքից առաջ

Հայ ազգային կոնգրեսի  տարածած մամլո հաղորդագրության համաձայն, երեկ ժամը 20.00-ի սահմաններում Երեւանի Աբովյան փողոցում անհայտ անձանց մի խումբ հարձակվել է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Փորձելով երտասարդներից խլել բարձրախոսը եւ թռուցիկները հարձակվողները հարվածներ են տեղացել իրազեկողների վրա: Արդյունքում  Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսների վկայությամբ Երիտասարդների վրա հարձակվել են Աբովյան փողոցում' «Փարիզյան սուրճ» խանութի մոտ' թռուցիկներ բաժանելու եւ հանրահավաքի մասին իրազեկելու ընթացքում:

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին այցելել են ոստիկանության աշխատակիցները եւ նրանցից ցուցմունքներ են վերցրել: Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն Սահակ Մուրադյան ծեծի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել: Նոր-Նորքի հիվանդանոց են այցելել նաեւ ՀԱԿ-ի անդամները եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի հարցերով պատասխանատու Արման Մուսինյանի տեղեկացմամբ ոստիկանության հատուկ ջոկատայինները գնացել են Նոր-Նորքի հիվանդանոց եւ հրելով շենքից իջեցրել բոլոր նրանց, ովքեր եկել են ծեծված երիտասարդներին այցելության: Երիտասարդների ծնողներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել երեխաների մոտ: Կեսիգիշերի մոտ, երիտասարդների վիճակի կայունանալուց հետո, ծնողներին ի վերջո թույլ են տվել մուտք գործել բաժանմունք և տեսնել երեխաներին: Ուշ երեկոյան ծեծի ենթարկված երիտասարդներին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:

Միջադեպի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ։